ԱԺ-ն քննարկում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը


Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:


ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:


Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


Ծնվել է 1983 թ. հունվարի 21-ին Երևանում:


 


2003 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը: 2005 թ.՝ ՀՊՃՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Հանրային կառավարման մագիստրոս է: 2010 թ. ավարտել է Վարշավայի համալսարանի (Լեհաստան) իրավաբանական ֆակուլտետը՝ «մարդու իրավունքներ» մասնագիտացմամբ։


 


2005-2013 թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009 թթ.՝ Տնտեսագիտության և իրավագիտության (USEL) համալսարանի դասախոս:


 


2011-2014 թթ. աշխատել է նախ որպես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա՝ իրավական փորձագետ: 2014-2018 թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ մի շարք ծրագրերում:


 


2015-2018 թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018 թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ մի շարք ծրագրերի իրավաբան։


 


Համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի» հետ (2010 թ. մարտ-հունիս): Մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը (2016 թ., «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program) (2018 թ. հոկտեմբեր-նոյեմբեր, ԱՄՆ):


 


2018 թ.՝ «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր:


 


Համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի, հեղինակ՝ մի շարք հոդվածների:


 


2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր է («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 2022-ի հոկտեմբերից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:


 


Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի խորհրդի անդամ:


 


Ակտիվորեն ներգրավված է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, ԵԽԽՎ անդամ է, ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ:


 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:


 


Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր:


 

Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

Leave a comment