Ջերմուկում հայտնաբերված գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված գորշ արջի երկու քոթոթները տեղափոխվել են Ուրցաձորի կենսաբազմազանության ապաստարան՝ նրանց խնամքն ապահովելու և հետագայում բնական միջավայր վերադարձնելու նպատակով։

«2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»,- ասված է հաղորդագրւթյունում։

Leave a comment