ԱՄԷ-ն հայտարարել է, որ խոցել է իրանական երեք հրթիռ, իսկ Էլ-Ֆուջեյրայում նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել անօդաչուի հարվածից

2026 թվականի մայիսի 4-ին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանից արձակված երեք հրթիռ։

Meduza-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրթիռները խոցվել են ԱՄԷ տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։

Միաժամանակ ԱՄԷ-ի Էլ-Ֆուջեյրա էմիրության իշխանությունները տեղեկացրել են, որ տարածաշրջանի նավթային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել իրանական անօդաչու սարքի հարվածից հետո։

Իրանի բանակը մայիսի 4-ի երեկոյան հայտարարել էր, որ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակելու՝ որպես նախազգուշացում ամերիկյան ռազմական նավերին, որոնք փորձել են մտնել Հորմուզի նեղուց։

Նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել էր, որ «Project Freedom» առաքելության շրջանակում պատրաստվում է ուղեկցել Հորմուզի նեղուցում կանգնած նավերին։ Իրանը պատասխանել էր, որ ԱՄՆ ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանին։ Դրան ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և այն երկրներին, որոնք համարում է Վաշինգտոնի դաշնակիցներ։ Իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը ուղղվել են նաև ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և այլ երկրներ։

Ապրիլի 8-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադար է, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Հորմուզի նեղուցը փակված է փետրվարի վերջից։ Խաղաղ ժամանակներում այն ապահովում է համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի  մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Նեղուցով նավարկությունը սկզբում գրեթե դադարել էր Իրանի սպառնալիքների պատճառով, իսկ հետո ԱՄՆ-ն սահմանել էր ծովային շրջափակում՝ չթույլատրելով նավերին մտնել իրանական նավահանգիստներ։

Հորրմուզի նեղուցում ազատ նավարկության վերականգնումը շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական հարցերից մեկը, որոնք ներկայումս փակուղում են։

Leave a comment