Ռուսամետ տելեգրամյան ալիքները Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ ապատեղեկատվական արշավ են սկսել, մասնավորապես, համակարգված ձևով տարածվում են պնդումներ ՀՀ Սահմանադրությամբ միասեռականների ամուսնությունների օրինականացման վերաբերյալ։
Սրան զուգահեռ, էլեկտրոնային նամակների ու չնախատեսված շքերթների մասին լուրերով հրավերներ են ուղարկվել տարբեր դերակատարների՝ իբրև թե Հայաստանում Կառավարության համակարգմամբ իրականացվող շքերթներին միանալու համար։
Թեմայի շահարկումը՝ ռուսամետ տելեգրամյան ալիքներում
Այսպես, ռուսական ANNA կոչվող տելեգրամյան ալիքը արհեստական բանականության միջոցով գեներացված տեսանյութ է տարածել՝ պնդելով, թե իբր Եվրոպական Միության տարբեր երկրներում իրականացված հարցումներին մասնակցած միասեռականները «ոգևորված են ՀՀ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմամբ»։
Այս հրապարակումը տարածել է նաև ռուսամետ տելեգրամյան «Երևանն է խոսում» ալիքը, ինստագրամյան a-grdzel կոչվող օգտատերը։
Արտապատկերումները՝ տելեգրամյան ալիքներից։
Իրականում, Մայր օրենքում նման փոփոխություններ չեն նախատեսվում, չկան նաև դրա վերաբերյալ հանրային քննարկումներ. պնդումները հիմնովին կեղծ են։
ԼԳԲՏ-ի թեմային առնչվող կեղծիք՝ X-ի նորաբաց էջում
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի թեմայի վերաբերյալ կեղծ նյութերի հրապարակման նպատակով 2026 թվականի ապրիլից X սոցիալական մեդիայում գործարկվել է Armenian Queer Union կոչվող օգտահաշիվը։
Այն թեմայի վերաբերյալ արհեստական բանականությամբ գեներացված մի քանի տեսանյութ է հրապարակել մայիս 2-ից ի վեր. դրանցից մեկում կա պնդում, թե իբրև մայիս 4-ի կեսօրին նախատեսված է շքերթ ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ։
Տեսանյութերից մեկում պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. դրանում կա պնդում, թե նա բացել է ապագայի դռները այս համայնքի ներկայացուցիչների համար։
Նամակ՝ կեղծ շքերթի հրավերի մասին
Հատկանշական է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մամիկոն Հովսեփյանը օրերս ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ «մայիսի 5-ին ուզում են կեղծ շքերթ կազմակերպել»։
Նա կից հրապարակել էր շքերթի հրավերի էկրանապատկերը, որում երևում էր, որ «շքերթի կազմակերպիչները» մայիսի 5-ին ժամը 17:00-ին հրավիրում են մասնակցել դրան՝ Հանրապետության հրապարակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ FIP.am-ը բացահայտել էր, որ ոմն Ռուսլան կապեր է փնտրել Հայաստանում և Մոլդովայում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում՝ առաջարկելով նրանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող տեսանյութեր նկարահանել Երևանում։ Անձը նաև առաջարկել էր հոգալ Երևան ուղևորության ծախսերը։
Այսպիսով, ՀՀ-ում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված ապատեղեկատվական արշավ է իրականացվել. կեղծ լուրերի, արհեստական տեսանյութերի և կեղծ հրավերների միջոցով հասարակության շրջանում շահարկվում է հայ հանրության համար զգայուն ԼԳԲՏ համայնքին առնչվող թեման։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությանն է վերագրվում համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ այնպիսի գործողություններ ու միջոցառումներ, որոնք գոյություն չունեն։
Նանե Մանասյան
The post Կեղծ շքերթի հրավեր ու ապատեղեկատվական արշավ՝ ՀՀ-ում միասեռականների ամուսնության օրինականացման մասին appeared first on FIP.AM.