Զելենսկին Երևանում հայտարարել է, թե ուկրաինական ԱԹՍ-ները կարող են թռչել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի ժամանակ

Քաղաքականություն

04.05.2026 | 14:33

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանում հանդիպել է ԵՄ-ի ու առաջատար եվրոպական երկրների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Ռուսաստանը հայտարարեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում շքերթ կանցկացնի առանց ռազմական տեխնիկայի։ Եթե դա տեղի ունենա, դա կլինի առաջին դեպքը շատ ու շատ տարիների ընթացքում, երբ նրանք չեն կարող իրենց թույլ տալ ռազմական տեխնիկա և վախենում են, որ Կարմիր հրապարակի վրայով կարող են թռչել անօդաչու թռչող սարքեր։ Եվ այդ շքերթին կարող են թռչել նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Սա ցույց է տալիս, որ նրանք [Ռուսաստանը] այլևս այնքան ուժեղ չեն, որքան նախկինում էին»,- հայտարարել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

2007 թվականից ի վեր առաջին անգամ Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին ռազմական տեխնիկայի շարասյուներ չեն լինի, հիշեցնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 28-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմական տեխնիկան չի մասնակցի շքերթին՝ «գործող օպերատիվ իրավիճակի պատճառով»։ Նախատեսվում է հետևակային շարասյուների և օդաչուների խմբերի մասնակցություն, իսկ շքերթի ավարտին Սու-25 ինքնաթիռների օդաչուները «Մոսկվայի երկինքը կնկարեն Ռուսաստանի դրոշի գույներով»։

Ապրիլի 29-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց  էին ունեցել։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին առաջարկել է մինչև մայիսի 9-ը հայտարարել «կարճաժամկետ հրադադար» Ուկրաինայում պատերազմում։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինը դեռևս չի ընտրել կարճաժամկետ հրադադարի ամսաթիվը։

Ապրիլի 30-ին Զելենսկին հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է կապ հաստատել Թրամփի թիմի հետ և ծանոթանալ «կարճաժամկետ հրադադարի մասին ռուսական առաջարկի» մանրամասներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment