Մեր զոհերը չպետք է անտեսվեն․ Արցախում զոհվածների ծնողներն արտաշիրիմում են պահանջում

Բաժանորդագրվել

Նրանք պահանջում են հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախում 2023 թվականին զոհված և հուղարկավորված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արտաշիրիմում են պահանջում։ Նրանք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ ակցիա են անում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։

«Մեր երեխաների, հարազատների գերեզմանները 2023 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում են մնացել։ Մենք պահանջում են արտաշիրիմում։ Պահանջում ենք մեր հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։ Նրանց գերեզմանների վայրերը հստակ հայտնի են։ Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել մեզ»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

Նրա խոսքով՝ այդ շիրիմներն ընդամենը 2 օրվա զոհված ու հուղարկավորված զինծառայողների են պատկանում։ Դրանք չեն էլ հասցրել բարեկարգել ու հիմա հայտնվել են թշնամու ոտքի տակ։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «2023-ին Արցախում մնացած զոհերը չպետք է անտեսված մնան», «Պահանջում ենք միջազգային միջամտություն՝ 2023-ի զոհերի արտաշիրիմման և վերահուղարկավորման համար», «Արտաշիրիմումն իրավունք է, ոչ թե զիջում», «2023 թվականի զոհերի արտաշիրիմումը մարդասիրական հրամայական է» և այլ գրառումներով պաստառներ։

Ազատություն քաղբանտարկյալներին և Բաքվի գերիներին․ Երևանում ձեռնաշղթաներով ակցիա անցկացվեց

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment