Իլհամ Ալիևը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատել է Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։ Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդել է, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,- հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում»,-նշել է Ալիևը։
Ալիևը հավելել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ։