5-6 տարեկան էի, պապիկս սրտի կաթված ստացավ։ Գյուղից արագ տեղափոխեցին Երեւան՝ հիվանդանոց։ Տանը լաց էի դրել, թե ինձ էլ տարեք հիվանդանոց։ Տարան։ Բժիշկը դուրս եկավ սենյակից, ասաց՝ ծանր է Խաչիկի վիճակը։ Ես, որ չխոսկան էի ու հատկապես օտար մարդկանց հետ բառ չէի փոխանակում, ասացի՝ պապիկս որ ինձ տեսնի, կլավանա։ Բժիշկը միայն ինձ թույլ տվեց մտնել վերակենդանացման բաժանմունք։
Պապիկիս ձեռքը բռնեցի, ասացի՝ պապի, դու լավանալու ես։ Խոսել չէր կարողանում․ արհեստական շնչառություն էին միացրել։ Ծանր հեւում էր։ Աչքերի եզրից արցունքները հոսեցին սպիտակ, հիվանդանոցային չարագույժ բարձին։ Ժպտաց, ձեռքս սեղմեց։
Պապիկս լավացավ։ Մինչեւ 81 տարեկան ապրեց։
80-ամյակը նշեցինք գյուղում՝ երկար սեղաններ գցելով։ Տատիկս տան հատակին դոշակներ էր փռել, շարքով պառկում էինք քնելու։ Բայց ի՜նչ քնել․ էնքան էինք ծիծաղում, մինչեւ մեծերից մեկը բարկանար, ասեր՝ ձեններդ կտրեք, առավոտ շուտ ենք արթնանալու։
Մի օր Երեւանում առավոտ ծեգին տան հեռախոսին զանգ եկավ։ Վեր թռա տեղից։ Այդ ժամին ավետաբեր զանգեր չէին լինում։ Դաշնամուրի վրա էր հեռախոսը՝ սպիտակ, կապույտ եզրագծերով։ Արտասահմանից էինք նվեր ստացել․ ուրախանում էինք, որ ամենանորաոճ հեռախոսն ունենք։ Խոսափողը վերցրեցի, մի օտար կնոջ ձայն հարցրեց՝ դուք Խաչիկի ի՞նչն եք։ Ասացի՝ թոռն եմ։ Ասաց՝ տատիկդ ասում է՝ պապիկիդ ինսուլտ է խփել։
15 տարեկան էի։ Նոր էինք վերադարձել ճամբարից, որտեղ սարսափելի դեպք էր պատահել․ արշավի ժամանակ սողանք էր եղել, հաստաբուն մի քանի ծառ ընկել էր, եւ մեր զինղեկը սեփական մարմնով պաշտպանել էր երեխաներից մեկին։ Մեր տղաները չէին կորցրել իրենց, տաբատները հանել ու փայտերով պատգարակ էին սարքել, իջեցրել ընկեր Մանուկյանին։ Ես այդ օրն արշավի չէի գնացել․ բոթասներս թրջվել էին, իսկ ես ունեի ընդամենը մեկ զույգ բոթաս։ Ընկեր Մանուկյանին տեղափոխեցին Դիլիջանի հիվանդանոց։ Աղջիկները վախեցած, հեծկլտալով իջնում էին սարից։ Նրանց, այդ թվում՝ քրոջս, ապահով տեղավորեցինք սենյակներում, շորերը փոխեցինք, տաք թեյ տվեցինք։ Ու, ինչպես ճամբարի պատասխանատուներից մեկը կարգադրեց, ծնողներին ոչինչ չասացինք, որպեսզի նոր փորձանք չպատահի, եթե խելքները կորցրած՝ ճանապարհ ընկնեն դեպի Դիլիջան։
Որեւէ մեկը կարգը չխախտեց։ Ինձ ասացին՝ դու պիտի գնաս հիվանդանոց՝ ընկեր Մանուկյանի հագուստը դասավորելու։ Հիշում եմ՝ աչքս քրոջս՝ նստեցի կանաչ «Երազը»։ Դիլիջանի հիվանդանոցում մահվան քամի էր փչում ամեն կողմից՝ խավար միջանցքներ, հին բժշկական գործիքներ, ճռճռացող մահճակալներ, նախորդ հիվանդների բժշկական պատմությունը փոխանցող դոշակներ, մռայլ դեմքեր․․․ Տոպրակում դասավորեցի արնաշաղախ շորերը, լսեցի բժիշկների հուսահատ խոսքերը, իմացա, որ ընկեր Մանուկյանի որդիները ճանապարհին են ու հետ դարձա ճամբար։
Մեկ շաբաթից մեզ տուն տարան։ Հաջորդ առավոտ գյուղից եկավ չարագույժ զանգը։ Մոտեցա պապայիս, ասացի՝ ես էլ եմ գալիս․ իսկ եթե պապիկս ուզում է վերջին անգամ տեսնել ինձ։ Հաջորդ մեկ շաբաթը ցերեկները ես էի հերթապահում պապիկիս մոտ, կաթոցի ջրով թրջում էի շուրթերն ու ձեռքը բռնած՝ խոսում հետը։ Վստահ էի՝ լսում էր։
Այս պատմությունները երբեք չէի պատմել տղայիս։ Օրեր առաջ, երբ դժգոհում էր իրենց՝ սերնդակիցների կյանքից, մանկությունս ու դպրոցական տարիներս դրվագ առ դրվագ աչքիս առջեւով անցան։ Սկսեցի պատմել։ Լսում էր՝ աչքերը չթարթելով։
Մեկ-մեկ մտածում եմ՝ մենք մեր երեխաներին դարձրել ենք տխուր՝ կյանքի տխրությանը մասնակից չդարձնելով։ Մենք չափազանց ստերիլ ենք դարձրել նրանց առօրյան՝ չպիտի տեսնեն մեր արցունքները, պիտի ունենան ամեն ինչ։ Արդյունքում՝ չգիտեն՝ ինչից ու ինչպես տխրեն, ինչից եւ ինչպես ուրախանան։ Մենք պարզապես թույլ չենք տվել նրանց սովորել կյանքն իր բոլոր երեսներով՝ ուրախ, տխուր, հուսահատ, տագնապած, հաղթանակած, պարտված․․․
Մենք նրանց զրկել ենք փոքր բաներից ուրախանալու կարողությունից, որովհետեւ տվել ենք ամենամեծը ամենահեշտ ճանապարհով՝ ուրիշի ջանքով։
Մենք նրանց զրկել ենք նուրբ հարցերում ապրումակցելու կարողությունից, որովհետեւ թույլ չենք տվել տեսնել ընտանիքի թաքուն արցունքները։
Մենք նրանց զրկել ենք իրավիճակն ինքնուրույն կառավարելու հմտությունից, որովհետեւ իրավիճակի տերը միշտ մենք ենք եղել։
Մի քանի տարի առաջ, երբ գնացել էինք հիվանդանոց՝ մեր ընկերոջը տեսության, կնոջն ասացի՝ կարո՞ղ է՝ տանենք երեխուն, պապային չտեսնի այս վիճակում։ Ասաց՝ չէ, թող իմանա, որ կյանքը միայն ուրախ բաների մասին չէ։ Երեւի ճիշտ էր։ Երեւի։
Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի առաջատար մի շարք ԶԼՄ-ներում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: