Պարզ է, չէ՞, թե Հայաստանում ով է որոշում մեղավորի և անմեղի սահմանը ​

Դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի ևս երկու ամսով երկարաձգումը դժվար է դիտարկել զուտ իրավական հարթության մեջ։ Գործողությունների հաջորդականությունը, քաղաքական ֆոնը և իշխանության բարձրագույն մակարդակներից հնչած հայտարարությունները այս որոշումը դարձնում են ակնհայտ քաղաքական պատվերի կատարման օրինակ։

Դեռևս հունիս ամսից Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային թիրախավորումը Արշակ Սրբազանի նկատմամբ։ Սկզբում՝ ակնարկներով, ապա արդեն բացահայտ անվանական ձևով նա մեղադրեց Սրբազանին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նպատակային կերպով հարված հասցնելով հոգևորականի հեղինակությանը։ Այս հայտարարություններից կարճ ժամանակ անց իշխանության հետ կապվող ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրվեց սեքսուալ բնույթի տեսանյութ, որը վերագրվեց Արշակ Սրբազանին, թեև փորձաքննությունն այլ բան ցույց տվեց. տեսանյութը չապացուցվեց, չհաստատվեց որևէ իրավական կամ փաստական հիմքով։ Բացի այդ,  հանրության զգալի հատվածը ոչ միայն չընդունեց այդ նյութը, այլ այն ընկալեց որպես էժան մանիպուլյացիա և քաղաքական հաշվեհարդարի փորձ։ Արդյունքում իշխանությունը ստիպված եղավ փոխել գործիքակազմը։

Հենց այդ փուլում սկսվեց երկրորդ, առավել ծանր հետևանքներով արշավը՝ արդեն քրեական դաշտում։ Արշակ Սրբազանին մեղադրեցին թմրամիջոցի ապօրինի իրացման մեջ. մի մեղադրանք, որը հասարակության մեջ կանխամտածված կերպով ամենածանրն ու ամենավարկաբեկիչներից մեկն է։ Նպատակը ակնհայտ է՝ ոչ թե ճշմարտության բացահայտում, այլ հոգևորականի լիակատար չեզոքացում, մեկուսացում և հանրային գիտակցության մեջ նրա կերպարի վերջնական խեղաթյուրում։

Այս համատեքստում դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կալանքի ժամկետի երկարաձգումը չի կարող դիտարկվել անկախ դատական որոշում։ Երբ գործը ուղեկցվում է վարչապետի հրապարակային մեղադրանքներով, իշխանամետ մեդիայի համակարգված քարոզչությամբ և մեղադրանքների «աստիճանական ծանրացմամբ», ապա դատարանը դառնում է ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Եվ վստահ կարող ենք ասել, որ Արշակ Սրբազանի գործը վաղուց դուրս է եկել իրավական տրամաբանության շրջանակներից։ Այն վերածվել է նախադեպային պատմության, որտեղ իշխանությունը բացահայտ ցուցադրում է՝ ով է Հայաստանում իրականում որոշում մեղավորի և անմեղի սահմանը։ Իսկ դատական համակարգի նման ներգրավվածությունը վտանգավոր է ոչ միայն մեկ անձի, այլ ամբողջ պետականության համար։

Նարե Գնունի

Leave a comment