Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ընկերությունն Արցախում շինաշխատանքներ կիրականացնի

Քաղաքականություն

01.05.2026 | 21:13

Արցախի տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Վերականգնման, շինարարության և կառավարման ծառայության կողմից անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Sea Breeze Construction ընկերությունը ՍՊԸ-ն, որը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պետական ​​գնումների միասնական ինտերնետային պորտալում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը կիրականացնի Կուբաթլուում բնակելի թաղամասի շինարարական և մոնտաժային աշխատանքներ և դրա դիմաց կստանա 20 միլիոն դոլար։

Sea Breeze Construction-ը գործում է որպես Sea Breeze ընկերության դուստր ձեռնարկություն։ Sea Breeze-ը հիմնադրվել է 2006 թվականին՝ գործարար, երգիչ Էմին Աղալարովի կողմից։ Նա Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է, և  շարունակում է ընդլայնել խոշոր ներդրումային նախագծերն Ադրբեջանում՝ Ալիևների հետ ընտանեկան կապերի շնորհիվ։ Աղալարովի նախագծերը պարբերաբար ստանում են կառավարության աջակցությունը։

Ադրբեջանցի հետաքննող լրագրողները նախկինում հաստատել են, որ Արցախի տարածքներում վերակառուցման և շինարարության նախագծերին մասնակցում են իշխող ընտանիքի կամ պետական ​​կառույցների հետ կապեր ունեցող ընկերություններ։

Ալիևը նաև ավելի վաղ իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե գաղտնիք չէ, որ իր հարազատներն ու ընտանիքի անդամները զբաղվում են բիզնեսով և տարբեր նախագծերով: Նրա խոսքով՝ այդ անձինք զբաղվում են և՛ բարեգործությամբ, և՛ աշխատանքով Ղարաբաղում։

Սա առաջին դեպքն է, երբ Էմին Աղալարովի հետ կապված ընկերությունը ներգրավվում է Ղարաբաղում շինարարական նախագծերում՝ նման խոշոր մրցույթի շրջանակներում։

Փորձագետները նշում են, որ խոշոր պետական ​​նախագծերի բաշխումը փոխկապակցված բիզնես խմբերի սահմանափակ թվի միջև բացասաբար է անդրադառնում մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես, նման նախագծերում պետության հետ կապված կամ կառավարությանը մոտ ընկալվող ընկերությունների գերիշխանությունը մտահոգություններ է առաջացնում թափանցիկության վերաբերյալ: Մասնագետների կարծիքով՝ նման իրավիճակներն ավելի են մեծացնում շահերի բախման և անհավասար հնարավորությունների կասկածները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment