Մայիսի 1-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ «նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում» և որպես այդ ցանկի մաս լրատվամիջոցը առանձնացրել էր Հայկական ատոմակայանը՝ նշելով․ «․․․Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։ Այսինքն՝ թափոններն այլևս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, և դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել»։
Այս տեղեկությունը այնուհետև օնլայն լրատվամիջոցներ ևս (News{.}am, tert{.}am, 24news{.}am) տարածել էին։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը անհիմն է, իսկ թափոնները «Հայաստանից վերցնելու» մասին պնդումը՝ կեղծ։
«Ռուսական նոր պատժամիջոցներ Հայաստանի դեմ»․ կարծի՞ք, թե փաստ
Նախ հոդվածում տեղ գտած ձևակերպումը, թե «Ռուսաստանը նոր պատժամիջոցների ցանկեր է մշակում Հայաստանի դեմ» անհիմն պնդում է, քանի որ այս պահի դրությամբ որևէ բաց աղբյուրում հնարավոր չէ գտնել պաշտոնական հայտարարություն կամ վստահելի ու հեղինակավոր աղբյուրի պնդում այդ մասին։ Իսկ լրատվամիջոցում տեղ գտած ձևակերպումը որևէ աղբյուրի հղում չի տալիս, հետևաբար այս պնդումը արդեն կասկածելի է։
Ռուսաստանում պատժամիջոցներ կիրառվում են պաշտոնական իրավական ակտերի հիման վրա։ Իսկ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չկա։ Եղել են դեպքեր, երբ հայկական այս կամ այն ապրանքատեսակից որևէ խմբաքանակ արգելվել է ներմուծել Ռուսաստան։ Օրինակ, վերջերս այդպես եղավ «Ջերմուկի» մի խմբաքանակի հետ կապված, ինչի արդյունքում ավելի քան մեկ միլիոն շշի ներկրում արգելվեց։
Ռուսաստանի կողմից կիրառված սանկցիաների օրինակ է Վրաստանի դեմ 2006 թվականի էմբարգոն, երբ պաշտոնապես արգելվեց վրացական գինու և հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան։ Այդ որոշումը հրապարակային էր և ուղեկցվում էր պետական մակարդակի սահմանափակումներով։
Արտապատկերումը՝ KP{.}ru–ի
Այդ առիթով «Комсомольская Правда»-ն իր համարներից մեկում գրել էր․ «Հարգի՛ր քեզ ու հայրենիքդ, մի՛ խմիր վրացական գինի»
Այսպիսով, Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների մասին պնդումը փաստահեն չէ, չի հաստատվում պաշտոնական կամ վստահելի աղբյուրներով։ Ռուսաստանում սանկցիաները կիրառվում են հրապարակային իրավական ակտերի հիման վրա, մինչդեռ նման որևէ փաստաթուղթ Հայաստանի վերաբերյալ գոյություն չունի։
Ի՞նչ են ցույց տալիս Հայկական ատոմակայանի թափոնների մասին փաստերը
Հայաստանից միջուկային թափոններ Ռուսաստան չի տեղափոխվում արդեն ավելի քան 30 տարի։ Ինչպե՞ս է Հայկական ատոմակայանի դեպքում աշխատում համակարգը․ Հայաստանի ատոմակայանը սկսել է աշխատել 1976 թվականից։ Այդ ժամանակվանից մինչև 1990 թվականը շահագործման արդյունքում առաջացած միջուկային վառելիքը ուղարկվել է Ռուսաստան, այն ժամանակ՝ Խորհրդային Միություն (մասնավորապես՝ Սիբիր)։
Հայկական ատոմային էլեկտրակայան ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը FIP.am-ին ասում է՝ 1990 թվականից սկսած (Խորհրդային Միության փլուզումից հետո-խմբ․) Հայաստանից որևէ միջուկային թափոն կամ վառելիք դուրս չի հանվել․
«Նախ՝ մենք իրավունք չունեինք այդ թափոններն ուղարկելու, հետո՝ Ռուսաստանը իրավունք չուներ ուրիշ երկրներից ընդունելու, բացի այդ, տեղափոխելու ճանապարհ էլ չկար, քանի որ այդ թափոնները կարող էին տեղափոխվել գնացքով, իսկ երկաթուղային ճանապարհ Սովետական Միության փլուզումից հետո չկար։ Վերջին անգամ, 1990 թվականին, վերջին աշխատած միջուկային վառելիքը գնաց Ադրբեջանով Ռուսաստան, դրանից հետո ճանապարհները փակվեցին, Սովետական Միությունը քանդվեց ու վերջ։ Դրանից հետո աշխատած միջուկային թափոն կամ այլ միջուկային վառելիք Հայաստանից երբեք դուրս չի բերվել ու չենք էլ պատրաստվում ուղարկել այլ երկիր»։
Շահագործման հետևանքով ստացված թափոնների մի տեսակը՝ միջուկային վառելիքը, պահպանվում է հատուկ չոր պահեստարաններում (dry storage), որոնք, ըստ Մովսես Վարդանյանի, 2000-ականների սկզբին կառուցվել են ֆրանսիացիների օգնությամբ և նրանց տեխնոլոգիայով։ Մինչև ՀԱԷԿ-ի շահագործման վերջնաժամկետը այլ չոր պահեստարաններ ևս կկառուցվեն։
Մյուս տեսակը՝ միջին և ցածր ակտիվության թափոններն են, որոնք միջուկային վառելիք չեն և հավաքվում, պահեստավորվում են հատուկ տարածքում։ «Երբ ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը, դրանք կվերամշակվեն կամ անվտանգ կպահպանվեն։ Այդ թափոնները պահպանելու համար բավարար տարածք կա»,- ասում է ՀԱԷԿ-ի պաշտոնյան։
Նրա խոսքով, ՀԱԷԿ-ի ներսում առաջիկայում պատրաստվում են թափոնների պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան շենքեր կառուցել։
«Եվ իրավական տեսակետից չենք կարող, և ընդհանրապես, մեր ծրագրերում չկա մտադրություն կամ նախաձեռնություն որևէ այլ երկիր թափոն ուղարկել»,-պնդում է Մովսես Վարդանյանը։
Այսպիսով, «Հրապարակի պնդումը, թե »«Ռուսաստանը այլևս չի վերցնի թափոնները» կեղծ է, քանի որ Ռուսաստանը դրանք Հայաստանից չի տեղափոխում 1990 թվականից ի վեր։
Հասմիկ Համբարձումյան
The post Հայաստանը ավելի քան 30 տարի միջուկային թափոն չի տեղափոխում Ռուսաստան․ «Հրապարակի» պնդումը կեղծ է appeared first on FIP.AM.