Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը

Քաղաքականություն

01.05.2026 | 12:36

Ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մայիսի լույս 1-ի գիշերը Օդեսայի երկու բազմահարկ շենքերում հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Meduza-ն։

«Հրդեհ է գրանցվել 16 հարկանի շենքում։ Տուժել է նաև մեկ այլ բարձրահարկ շենք, հրդեհներ են բռնկվել 11-րդ և 12-րդ հարկերում»,- նշել է նա։

Լիսակն ավելի ուշ պարզաբանել է, որ Խաջիբեյ շրջանի բնակելի շենքերը վնասվել են։ Փրկարարների տվյալներով՝ 2 մարդ վիրավորվել է, ևս 25-ը հոգեբանական օգնության է դիմել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետագայում նշել է, որ Օդեսայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։

Օդեսայի շրջանում, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի, վնասվել է նավահանգստային ենթակառուցվածքը։

Ընդհանուր առմամբ, մայիսի լույս 1-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքին արձակել են 210 անօդաչու թռչող սարք, որոնցից 140-ը «Շահեդ» հարվածային թռչող սարքեր են։ Ուկրաինայի ՀՕՊ-ը չեզոքացրել է 190 ԱԹՍ։

Վերջին շաբաթներին ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցրել Օդեսային։ Քաղաքի վրա նախորդ անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, որի հետևանքով վիրավորվել էր 20 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment