2025 թվականին իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է. ՏԿԵ նախարար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է, պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33.2 միլիարդ, ինչը ևս աննախադեպ ծավալ է»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարը ներակայացրեց իրականացված աշխատանքները. «Աշխատանքները հիմնականում իրականացվել են ճանապարհների կառուցման, վերակառուցման մասով, մանկապարտեզների, ջրագծերի և նաև համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների մասով: Պլանավորում ենք 2026 թվականի ընթացքում համաֆինանսավորման ծավալն էականորեն շարունակել ավելացնել: Նախորդ տարվա ընթացքում 2.6 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել հրատապ ծրագրերի մասով, 17 համայնքում իրականացվել է 36 ծրագիր: Ծրագրերի զգալի մասը կապված է եղել Լոռու մարզում աղետի, ջրհեղեղի հետևանքների վերացման մասով, տարվա ընթացքում ունեցել ենք քամու դեպքեր, Կառավարությունը միջոցներ է հատկացրել վնասված տանիքների մասով»:
Անդրադառնալով ճանապահների վերանորոգմանը՝ Խուդաթյանն ասաց. «2025 թվականի ընթացքում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել և հիմնանորոգվել է 504.5 կմ ճանապարհ, դրանք միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ են: Բացի սրանից 30 կմ կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին»: