Մայր Աթոռի հայտարարությունում նշվում է, որ սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որեւէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձեւակերպմամբ։
«Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն։
Բացահայտ անհիմն եւ ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ եւ հայկական հետքի հետեւողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական եւ իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Մայր Աթոռ. Սրբավայրերի ոչնչացումը չի կարող արդարացվել որեւէ ձեւակերպմամբ
Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով «փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը»: