Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ դատարանը թույլատրել է Արշակ Սրբազանի քրոջ երեխաներին տեսակցել նրան։ Լրագրողների հարցին ի պատասխան փաստաբանը նաև նշեց, որ գործով իրեղեն ապացույց թմրանյութի գլանակը չի անհետացել։ Ըստ Արսեն Բաբայանի՝ նման հավաստիացում է արել քննիչը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, համաձայն որի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը կորել է։ Խոսքը, մասնավորապես, թմրանյութով գլանակի կորստի մասին է, որը հայտնաբերվել է դեռ 2018թ Վեհափառի դեմ ակցիա իրականացնող անձանցից մեկի պայուսակում։ Գլանակն անհետացել է Արմավիրի մարզային քննչական վարչությունից։