Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի

Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել ծավալուն ուղերձով՝ հայտարարելով տարածաշրջանում «նոր կարգերի» մեկնարկի մասին։

Իր ուղերձում նա շեշտել է, որ վերջին երկու ամսվա իրադարձությունները և ԱՄՆ-ի «ձախողումները» ապացուցեցին, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր սպառնալիքն է։

Առաջնորդը հայտարարել է նեղուցի նկատմամբ վերահսկողության և կառավարման նոր իրավական կանոնների ներդրման մասին։ Ըստ նրա՝ Իրանն օգտագործելու է իր ռազմավարական դիրքը՝ վերջ դնելու «թշնամու չարաշահումներին» և ապահովելու տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական շահերը։

Խամենեին ընդգծել է, որ Պարսից ծոցի ապագան լինելու է «առանց Ամերիկայի»։ Նա նշել է, որ Վաշինգտոնի ռազմաբազաները չեն կարողանում ապահովել նույնիսկ սեփական անվտանգությունը, ուստի տարածաշրջանի երկրները չպետք է հույսեր կապեն դրանց հետ։

Ուղերձում շեշտվում է, որ Իրանի 90-միլիոնանոց բնակչությունը և երկրի ողջ գիտատեխնիկական ներուժը՝ միջուկայինից մինչև հրթիռային տեխնոլոգիաներ, ծառայում են որպես ազգային անվտանգության երաշխիք։

Իրանի առաջնորդը կոչ է արել հարևան պետություններին գիտակցել իրենց «ընդհանուր ճակատագիրը»՝ նշելով, որ հազարավոր կիլոմետրեր հեռվից եկած ուժերը տեղ չունեն այս ջրերում։

Ուղերձը եզրափակվում է այն պնդմամբ, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի կառավարման նոր մոդելը կայունություն և բարօրություն կբերի տարածաշրջանին՝ դառնալով համաշխարհային նոր կարգի ձևավորման հիմքերից մեկը։

Leave a comment