ԱԺ նախագահի խոսքով՝ «հիբրիդային պատերազմ» հասկացողությունը պետք է փոխարինել «հիբրիդային հարձակում» բառով
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor tv-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական հաղորդումներին, որոնցում ատելության խոսք է հնչում ՀՀ քաղաքացիների և պետության հասցեին։
«Այն հաղորդումները, որոնք հայտնի են նման խոսույթով, այլևս չեն հեռարձակվում», – ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև անդրադարձել է իր հայտարարությանը, թե Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ է տարվում Հայաստանի դեմ։
«Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ հիբրիդային կամ ոչ հիբրիդային պատերազմ մղել։ Մենք ասում ենք, որ կա նման մտահոգություն», ասել է ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ «հիբրիդային պատերազմ» հասկացողությունը պետք է փոխարինել «հիբրիդային հարձակում» բառով։
«Իրողությունն է փոխվում, գործողություններ են մեր երկրի նկատմամբ փոխվում։ «Պատերազմ» բառը լավ բառ չէ», ասել է Սիմոնյանն՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանը խաղաղության մեջ է և խաղաղություն է կառուցում։
ԱԺ նախագահի պնդմամբ՝ Պուտին-Փաշինյան կոնֆլիկտ չկա, իսկ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ առկա են ազնիվ և բաց հարաբերություններ, և վերջինիս Հայաստան այցի ժամանակ նրան ուղիղ ներկայացվել են հայկական կողմի մտահոգությունները: