Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ

Քաղաքականություն

30.04.2026 | 12:41

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը Կարսում, որը նպատակ ուներ առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնումը։ Այս մասին ասվում է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակի տարածած հայտարարության մեջ։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն ընթացքն արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական դինամիկան, որը կարևոր է երկարատև խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը։ Գործարկումից հետո Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը և կապահովի կոնկրետ օգուտներ Հարավային Կովկասի ամբողջ  բնակչության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կապի զարգացմանը՝ համաձայն միջտարածաշրջանային կապի օրակարգի, «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որտեղ Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment