ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի

«ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել է, որ «Արցախցիներին քաղաքացիություն չեն տրամադրում։ Շարունակում են ընդունել մարդկանց փաստաթղթերը, բայց ունենք շատ արցախցիներ, որոնք արդեն 4-5 ամիս է՝ քաղաքացիություն չեն ստացել»։ Այս հարցազրույցում Պողոսյանը նաև ասել է, որ ՀՀ պետական մարմինները չեն տրամադրում արտագաղթած արցախահայերի թվերը։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ հարցումն ուղարկել էինք ապրիլի 10-ին և պատասխանն ստացել ենք  խմբ․) և Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու արդյոք կան խնդիրներ, այդ թվում՝ արցախահայերի անձնագիր ստանալու հետ կապված։ 

Այսպես, Ներքին գործերի նախարարությունից FIP.am-ին պատասխանել են, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2026 թվականի ապրիլի 17 ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի։

Մասնավորապես, 2023 թվականին քաղաքացիություն է ստացել 56 անձ, 2024-ին՝ 5894 անձ, 2025-ին՝ 13276 անձ, և 2026-ի ապրիլի 17-ի դրությամբ՝ 5900 անձ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումների ուսումնասիրության և քաղաքացիության հարցի քննարկման ժամկետը տևել է միջինը երկու ամսից մինչև 90 աշխատանքային օր (4-4.5 ամիս-խմբ․): 

Մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը քաղաքացիության համար դիմումները ներկայացվել են թղթային տարբերակով, և առկա է ընդունած գործերի թղթային մեծ ծավալ։ Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ սրանով է պայմանավորված քաղաքացիությունների տրամադրման ուշացումները։ 

«Ներկայումս հնարավորինս արագ կազմակերպվում է վերջնական որոշումների կայացման գործընթացը», — նշել են ՆԳՆ-ից։

Ինչ վերաբերում է «Հայաքվեի» ներկայացուցչի հայտարարությանը, թե պետական մարմինները չեն տրամադրում արտագաղթած արցախահայերի թիվը, FIP.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ և հետաքրքրվել՝ թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2026 թվականը որքա՞ն արցախցի է լքել Հայաստանի Հանրապետությունը և որքանն է վերադարձել։ 

ԱԱԾ տրամադրած պատասխանից տեղեկանում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 2026 թվականի ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից ելք է կատարել 46․900 արցախցի, որոնցից 31․956-ը վերադարձել է ՀՀ։  Այսինքն՝ 14․944-ը գտնվում է ՀՀ-ից դուրս։ 

ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ արցախցիների համար մեկնման հիմնական 5 երկրներն են՝ Վրաստանը, Ռուսաստանը, Եգիպտոսը, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Այսպիսով, Սայիդա Պողոսյանի հայտարարությունը հիմնված է առանձին դեպքերի վրա և անտեսում է ընդհանուր վիճակագրությունը։ Քաղաքացիության տրամադրումը շարունակվում է, թեև առկա են գործընթացային ուշացումներ։ 

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

The post ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի appeared first on FIP.AM.

Leave a comment