Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի շուրջ:
Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետեւյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձեւակերպման եւ հրատարակման կարգի մասին ուղեցույց»:
Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։
Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է եւ ներկայումս շարունակվում է։
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ձեւավորման մասին։
Տեղի է ունեցել նաեւ կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։
Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական կամքի շնորհիվ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը»:
Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը երեք ուղեցույց են համաձայնեցրել
Երեւան: Մեդիամաքս: Այսօր Աղվերանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: