Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար

Քաղաքականություն

29.04.2026 | 18:39

ԱՄՆ-ում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական կցորդի նախկին ավագ օգնական Գահրաման Մամեդովը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ մաքսանենգության համար։ Նա սկզբում ձերբակալվել էր Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից 2024 թվականի նոյեմբերին Ստամբուլում, երբ նրա մոտ հայտնաբերվել էր ընդհանուր 70 կիլոգրամ քաշով ոսկու ձուլակտորներ, գրում է OC media-ն։

Ըստ կառավարամետ Qafqazinfo լրատվամիջոցի՝ Ստամբուլի օդանավակայանում Մամեդովի մոտ առգրավված ոսկու արժեքը կազմել է ավելի քան 10.3 միլիոն մանաթ (6 միլիոն դոլար): Լրատվամիջոցը գրել է, որ ոսկին մաքսանենգ ճանապարհով է տեղափոխվել տարբեր երկրներով։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Մամեդովը վիճարկել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»: Նա նաև դեմ է եղել Բաքվում դատվելուն, ենթադրաբար, Ադրբեջանից դուրս կատարված հանցագործության համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մամեդովը պնդել է, որ ինքը Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ից 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

«Ստամբուլում նա հանդիպում է կազմակերպել մեկ այլ ադրբեջանցի Անար Գասիմովի հետ։ Նույն օրը Գասիմովը ժամանել է Միացյալ Արաբական Էմիրություններից և օդանավակայանի մաքսային անցակետի դիմաց գտնվող պահեստային պահարանում թողել է իր հետ բերած ոսկե ձուլակտորներով լի պայուսակը», – հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մամեդովը, օգտագործելով իր դիվանագիտական ​​անձնագիրը, չի հայտարարագրել ոսկին, ապա տաքսիով Ստամբուլի հյուրանոցներից մեկում Գասիմովի հետ հանդիպման գնալիս ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ օդանավակայանի պահեստային պահարանում հայտնաբերվել է 14 կիլոգրամ ոսկու ձուլակտորներով լի մեկ այլ պայուսակ, որը չի մաքսազերծվել։

 

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment