Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով

Քաղաքականություն

29.04.2026 | 16:17

Մայիսի 9-ի շքերթը «կրճատված ձևաչափով» անցկացնելու որոշումը կայացվել է «օպերատիվ իրավիճակի» պատճառով։ Այս մասին  լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Կիևի ռեժիմը, որն ամեն օր հողեր է կորցնում մարտադաշտում, այժմ սկսել է լայնածավալ ահաբեկչական ակտիվություն։ Հետևաբար, այս ահաբեկչական սպառնալիքի առջև ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ վտանգը նվազագույնի հասցնելու համար», – ասել է Պեսկովը։

Նա նաև առաջարկել է «չմոռանալ, որ անցյալ տարի տեղի է ունեցել հոբելյանական շքերթ»։ «Մեծածավալ, այնպիսին, որը պետք է անցկացվի նշանակալի տարեդարձի օրը։ Այս [ներկայիս] ամսաթիվը հոբելյանական չէ, բայց շքերթը միևնույն է տեղի կունենա, թեև կրճատված ձևաչափով», – եզրափակել է Կրեմլի խոսնակը։

2026 թվականին Ռուսաստանը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին ռազմական տեխնիկայի շարասյուն չի լինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment