Թուրք քարոզիչ Օքայ Դեփրեմն ապրիլի 28-ին հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, համաձայն որի՝ այս անգամ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությունն է վաճառել Թուրքիային»։
Թուրքական դեղին մամուլի կայքերից dikgazete{.}com-ում հրապարակված հոդվածում Դեփրեմը, մասնավորապես, «բարձրաստիճան աղբյուրներին հղումով» պնդել է, թե հեռուստաընկերության 100% բաժնեմասը վաճառվել է թուրքական խոշոր մեդիա Demiroren TV Holding-ին։
FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Օքայ Դեփրեմի գործունեությանը, նրա կապերին Կրեմլի հետ։ Նա պարբերաբար անդրադառնում է Հայաստանին վերաբերող թեմաներին՝ հաճախ օգտագործելով զգայուն և էմոցիոնալ հարցեր, այդ թվում՝ պատերազմին և դրա հետևանքներին վերաբերող թեմաները։
Կարդացեք նաև՝ Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը։
Այս տեղեկությունն ապրիլի 29-ի առավոտվանից համակարգված ձևով տարածվել է X-ի մի շարք օգտահաշիվների (առաջին հայացքից բոտային հաշիվներ են-խմբ․) կողմից (1, 2, 3)։ Դրանք հոդվածի հիման վրա արհեստական բանականությամբ գեներացված մեկնաբանությամբ տեսանյութ են տարածել, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության «կառավարումը թուրքական ընկերությանը կանցնի անմիջապես հունիսի ընտրություններից հետո»։
Արտապատկերումները՝ X-ի օգտահաշիվներից։
Թվիթերյան այս հաշիվներից մեկից նույն տեսանյութը տարածել է նաև թուրքական մեկ այլ մեդիա։
Ինչպես Դեփրեմի՝ Հայաստանի դեմ մյուս բոլոր կեղծ հոդվածներում (1, 2, 3, 4), այս մեկում ևս չկան պնդումներն ապացուցող փաստեր, ավելին՝ բաց, արժանահավատ ու պաշտոնական աղբյուրները ևս չեն հաստատում այս տեղեկությունը։
Սրան զուգահեռ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով (Գլուխ 4) Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունը հանրային (ոչ առևտրային) հեռարձակող է, որը գործում է պետության կողմից սահմանված հատուկ կարգավիճակով, և դրա գործունեությունը կարգավորվում է օրենքով։
Օրենսդրությունից բխում է, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հանդիսանում մասնավոր սեփականություն, այլ գործում է հանրության անունից, և ենթակա չէ մասնավորեցման կամ վաճառքի։ Ինչպես նաև, հստակ ամրագրված է հեռուստաընկերության պետական ֆինանսավորումը։
Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերության գործունեության, ֆինանսավորման և սեփականության կառավարման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ևս չկան շրջանառության մեջ։
Այսպիսով, Դեփրեմի հերթական «աղմկահարույց» լուրը կեղծ է, որը բոտերի համակարգված արշավի միջոցով տարածվել է X-ի մի շարք հաշիվներում։
Հայաստանի դեմ ապատեղեկատվական այս արշավը (FIMI) նման է Storm-1516-ի շրջանակներում իրականացվող արշավներին (1, 2, 3, 4), երբ օգտագործվում են սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։
Նանե Մանասյան
The post Կրեմլամերձ թուրք լրագրողի հերթական կեղծ լուրը appeared first on FIP.AM.