Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ջանի Ինֆանտինոյի հետ զրույցում Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը:

2 երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:

Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով:

Ջանի Ինֆանտինոյի հետ արդեն իսկ քննարկվել են առաջիկա քայլերը և համատեղ աշխատանքային օրակարգի մանրամասները՝ երաշխավորելու առաջնության անթերի ընթացքը:

Նշենք, որ մարզաշխարհին վերաբերող լուրին անդրադարձել էլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և  առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։

«Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել էր վարչապետը։

Leave a comment