Եկեղեցու դեմ շարունակվող հալածանքի հարցում խնդրահարույց է հայ «մտավորականության» անտարբեր կեցվածքը

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եկեղեցու դեմ «ջանասիրաբար» շարունակվող հալածանքի հարցում, և ոչ միայն, ներհասարակական ամենախնդրահարույց հարցերից է շարունակում մնալ (գոնե ինձ համար) արդի հայ «մտավորականության» կամ «ինտելիգենցիայի» հավաքական անտարբեր կեցվածքը. բավական է պարզապես հետևել լրահոսին կամ արդի խառնագրիչների «մտքերի գոհարներին»:

Ֆեոդոր Դոստոևսկին, իր «Դևերը» վեպում գրում է, թե «…ինտելիգենցիայի ողբերգությունն այն է, որ նա չար չէ, բայց անպատասխանատու է: Նա խաղում է գաղափարների հետ՝ չհասկանալով դրանց հետևանքները: Գաղափարների համար պատասխանատվությունը նույնքան ծանր է, որքան արարքների համար: Հենց այդ պատճառով էլ ինտելիգենցիան է պարարտ հող ստեղծում իր նույնանուն «Դևերի» համար»:

Ցավալիորեն, բայց 44-օրյա պատերազմից, Արցախի կորստից և հայաթափումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու նկատամամբ քաղաքական հարձակումների և մեր պետությունը ներսից կեղեքող արատավոր այլ երևույթների հարցում հարկավոր է արձանագրել, որ`

– հայ «մտավորականությունը» շարունակում է դիրքավորվել ոչ ավելին, քան որպես զուտ «սոցիալական առաքելության» կրող միավոր,
– հայ «մտավորականությունը», ձեռնպահ է մնում արժեհամակարգային, հասարակությունը պառակտող և գոյաբանական հարցերի շուրջ իշխանություններին քննադատելու իր բարոյական պատասխանատվությունից,
– հայ «մտավորականությունը» խուսափում է պատմություն-ազգ-պետություն եռանկյունու միջև կապող կամուրջ լինել,
– հայ «մտավորականությունը» չի գիտակցում, որ իր պայմանական կարգավիճակը լոկ կոչում չէ, և ոչ էլ մասնագիտություն, այն` տվյալ ժամանակահատվածի պատմական առաքելություն է, ծանր, բայց պատվաբեր և պատգամակիր:

Հայաստանը պաշարած ներքին ու արտաքին մարտահրավերների և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հալածանքների օրվա հրամայական հարցերի շուրջ, որևէ կերպ չի հնչում հայ «մտավորականության» կոլեկտիվ բարոյականության հառաչը, որևէ կերպ չի դրսևորվում օրինակելի դիրքորոշումը:

Ավելին, հայ «մտավորականությունը» պառակտվել է փորձագետների, ակտիվիստների և մեկնաբանների ավտոնոմ խմբերի՝ շարունակելով մնալ մեր իրականության ամենախորը խնդիրներից դուրս։

Հայաստանն, առավել քան երբևէ, հավաքական մտավորականության դիրքորոշման օրհասական կարիքն ունի, մանավանդ առաջիկա Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Պարոնա´յք հայ «մտավորականներ», սա ձեզ ուղղված մեղադրանք չէ, այլ փաստացի աղետալի ախտորոշում:

Հ.գ. Կարծում եմ տեղին կլինի, եթե օրվա իշխանությունները «եկեղեցական բարենորոգում» զավեշտալի կոչվածը, փոխարինեն հայ «մտավորականների կամ ինտելիգենցիայի բարենորոգում» ձևակերպմամբ և պիլոտային ծրագրով փորձել հանրային ուսումնասիրություն կատարել»:

—00—ՄԱ

Leave a comment