Կեղծ լուրերը մնում են, դրանց աղբյուրներն անհետանում․ ուր են կորում ՀՀ մասին սկանդալային լուրերի կայքերը

2025 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ առաջին անգամ հայալեզու լսարանը թիրախավորվում է Doppelgänger հիբրիդային գործիքի միջոցով․ այն վերջին տարիներին ապատեղեկատվական արշավների և անգամ մեդիագրագետ ընթերցողներին ու մասնագետներին նմանակ, նորաբաց կայքերի միջոցով մոլորեցնելու ամենատարածված ձևերից է։ 

Կեղծ լուրեր տարածողները ստեղծում են իրական լրատվամիջոցներին՝ դրանց անվանումը, դոմեյնը նմանակող կեղծ կայքեր, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com կամ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com: Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։ 

Doppelgänger տիպի կայքերին բնորոշ ամենակարևոր առանձնահատկություններից է այն, որ դրանք անհետանում են համացանցից իրենց սև գործն անելուց կարճ ժամանակ անց։ Փաստացի, չնայած կայքերը կարճ կյանք են ունենում, դրանց տարածած սուտն ու մանիպուլյացիան շարունակում են ապրել հանրային հիշողության մեջ, շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Կեղծ տեղեկատվությունը տարածող կայքերի անհետացումը չի վերացնում իր թողած բացասական հետևանքները, դրանք, ասպարեզից հեռանալով, չեն կրում որևէ պատասխանատվություն, ինչի արդյունքում ապատեղեկատվությունը դառնում է անպատիժ գործիք՝ կրկնվելու, վերարտադրվելու և նոր թիրախներ գտնելու համար։

FIP.am-ը փորձել է պարզել՝ ի՞նչ են եղել հայաստանյան իրականության մասին կեղծիք տարածած այդ կայքերը, արդյոք շարունակում են գործել։

courrierfrance24.fr՝ Ֆրանսիայի միջուկային թափոնները ՀՀ-ում պահելու կեղծ լուրի հեղինակը

Նախորդ տարի ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» հոդվածը։ 

Դրան հավատացին անգամ հայաստանյան որոշակի հեղինակություն ունեցող լրատվամիջոցներ։ Լուրը հերքվեց, իսկ այդ դոմեյնով կայքն այսօր գոյություն չունի։ 

Լուսանկարում՝ անհետացած courrierfrance24.fr-ը։

EUleaks.eu․ դոմեյնը հանված է վաճառքի

EUleaks.eu կայքը տարածում էր լուր, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել՝ վատնելով 3.4 մլն դոլար քաղցկեղով տառապող երեխաների աջակցության «City of smile/Ժպիտների քաղաքը» հիմնադրամի միջոցներից»։ 

Լուսանկարում՝ վաճառքի հանված կեղծ կայքի դոմեյնը:

The Times of Canada․ Փաշինյանների՝ Օնտարիայում շքեղ առանձնատան կեղծ լուրը

Կանադայում գրանցված նորաբաց The Times of Canada-ն գրել էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։ FIP.am-ը բացահայտել էր՝ խնդրո առարկա առանձնատունն այլ մարդու է պատկանում։ 

Այս կայքը կեղծ լուրը տարածելուց հետո ևս փակվել է։ 

Արտապատկերումը՝ նմանակ կայքից:
Արտապատկերումը՝ կայքից։

infofrancaisedujour.fr․ Փաշինյանի առանձնատունն այս անգամ Մարսելում

Հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր նաև infofrancaisedujour.fլուրը, համաձայն որի՝ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։ 

Հատկանշական է, որ այս լուրերը, որոնք վերահրապարակվել էին նաև հայաստանյան ԶԼՄ-ներում, շարունակում են պահպանված մնալ (1, 2, 3, 4

Չնայած տեղական ԶԼՄ-ների սկանադալային լուրերի աղբյուրները անհետացել են, այդուհանդերձ, դրանց որոշակի մասը չի հեռացրել իրենց վստահությանն արժանացած կեղծ կայքերի հրապարակումները։

Կարդացեք նաև Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

Նանե Մանասյան

The post Կեղծ լուրերը մնում են, դրանց աղբյուրներն անհետանում․ ուր են կորում ՀՀ մասին սկանդալային լուրերի կայքերը appeared first on FIP.AM.

Leave a comment