Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին

Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխող երկրորդ նավի՝ Իսրայել ժամանումից հետո Ուկրաինան սկսել է պատրաստել այս սխեմայի հետ կապված ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ ալիքում, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

«Բոլոր նորմալ երկրներում գողացված ապրանքներ ձեռք բերելը գործողություն է, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն: Սա վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին: Նման հացահատիկ տեղափոխող մեկ այլ նավ ժամանել է Իսրայելի նավահանգիստ և պատրաստվում է բեռնաթափվել»,- նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ սա զուտ բիզնես չէ և չի կարող լինել․ Իսրայելի իշխանությունները չեն կարող տեղյակ չլինել, թե ինչ նավեր և ինչ բեռով են ժամանում երկրի նավահանգիստներ:

«Ռուսաստանը համակարգված կերպով առգրավում է հացահատիկը ժամանակավորապես օկուպացված ուկրաինական հողերից և կազմակերպում է այդ հացահատիկի արտահանումն օկուպանտների հետ կապված անձանց կողմից: Նման գործարքները խախտում են Իսրայելի պետության օրենքները»,- հավելել է Ուկրանայի  ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան դիվանագիտական ​​​​ուղիներով ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

«Ուկրաինան պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ, որը կվերաբերի թե՛ այս հացահատիկը տեղափոխողներին, թե՛ այս հանցավոր սխեմայից շահույթ ստանալ փորձողներին։ Մենք կհամակարգենք մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համապատասխան անձինք ներառվեն եվրոպական պատժամիջոցների փաթեթնորում»,- հայտարարել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինան հույսը դնում է յուրաքանչյուր պետության հետ գործընկերության և փոխադարձ հարգանքի վրա։

«Մենք անկեղծորեն աշխատում ենք անվտանգության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։ Մենք ակնկալում ենք, որ Իսրայելի իշխանությունները կհարգեն Ուկրաինային և չեն ձեռնարկի քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Հայֆայի նավահանգիստ էր ժամանել PANORMITIS նավը՝ տեղափոխելով հացահատիկի բեռ, որը, հնարավոր է, ծագում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից: Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները և ուկրաինացի հետաքննող լրագրողները: Դրանից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսրայելի դեսպանը՝  բողոքի նոտա փոխանցելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment