Մեկ մարդու ուժը. ժառանգության ամիս Մասաչուսեթսում՝ Անահիտ Մարությանի ջանքերով

Ներկայացնում ենք Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից հրապարակված A Year Later: Continuing the Work of Armenian Visibility and Remembrance հոդվածի հայերեն թարգմանությունը:
2025 թվականին  ներկայացրել էինք Անահիտ Մարությանին, որն այդ ժամանակ Վուսթերի ավագ դպրոցի ավարտական դասարանի 18-ամյա աշակերտուհի էր եւ արդեն հասցրել էր նշանակալի ձեռքբերում ունենալ. նա համոզել էր Մասաչուսեթսի  նահանգապետին ապրիլը հռչակել որպես Հայկական ժառանգության ամիս։
Քաղաքական որեւէ փորձ չունենալով՝ միայն վճռականությամբ, իր արմատների հանդեպ հպարտությամբ եւ մշակույթի նկատմամբ խոր սիրով, Անահիտը ինքնուրույն հաղթահարեց բյուրոկրատական գործընթացները։ 
Մինչեւ 15 նա ապրել է Հայաստանում, ապա ծնողների հետ տեղափոխվել Վուսթեր, երբ մայրը մեկնել է Քլարկի համալսարան՝ Ցեղասպանության եւ Հոլոքոստի ուսումնասիրությունների դոկտորական աստիճան ստանալու համար։ Իր նոր ամերիկյան դպրոցում նա միակ հայ աշակերտն էր եւ շարունակաբար ներկայացնում էր իր մշակույթն ու պատմությունը դասընկերներին, որոնցից շատերը երբեք չէին լսել հայերի մասին։
Ճանաչված չլինելու այս զգացումը նրան դրդեց գործել։ Չնայած 2024 թվականի մարտին ստացած սկզբնական մերժմանը՝ նա չհանձնվեց։ Անահիտը 2025 թվականի հունվարին նորից փորձեց՝ այս անգամ ինքնուրույն իրականացնելով ողջ անհրաժեշտ աշխատանքը. կարդաց հայերի ներգաղթի մասին գրականություն, ուսումնասիրեց պատմական համատեքստը եւ կազմեց հռչակագրի նախագիծ։
Նրա համառությունը արդյունք տվեց. նախաձեռնությունը հաստատվեց ։
Այն, ինչ սկսվել էր որպես հայկական ինքնության մասին իրազեկվածությունը բարձրացնելու անձնական առաքելություն, արագ վերածվեց առավել լայն նախաձեռնության՝ ուղղված պատմության, դիմադրողականության եւ հպարտության վրա հիմնված ազգային ճանաչման ձեւավորմանը։
Մեկ տարի անց մենք կրկին հանդիպեցինք Անահիտի հետ՝ քննարկելու, թե ինչ է փոխվել, ինչ դասեր է քաղել եւ ինչու է այս աշխատանքը հատկապես կարեւոր Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։
Շարունակելով սկսված գործը
Անահիտն ավարտում է Քլարկի համալսարանի առաջին կուրսը, որտեղ սովորում է քաղաքագիտություն եւ պատրաստվում է շարունակել կրթությունը իրավաբանության ուղղությամբ։ Այնուամենայնիվ, նրա նվիրումը հայ մշակույթը ճանաչելի դարձնելու գործին անսասան է մնում։
Մեր վերջին զրույցից հետո նա էապես ընդլայնել է իր ջանքերը։ Վուսթերում նա օգնել է կազմակերպել դրոշի բարձրացման արարողություն եւ նպաստել, որ Մասաչուսեթսում 2026 թվականի ապրիլը վերահաստատվի որպես Հայ-ամերիկյան ժառանգության ամիս։ 
Նրա մոտիվացիան շարունակում է խորապես անձնական մնալ։ Վուսթերը ոչ միայն այն քաղաքն է, որտեղ նա դպրոց է հաճախել, այլեւ այն վայրը, որը նա հիմա համարում է իր տունը՝ քաղաք, որը նրան ընդունեց, երբ դեռահաս տարիքում տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Տեղի հայ համայնքին՝ երկրի ամենահիններից մեկին, հարգանքի տուրք մատուցելը նրա համար դարձել է պատմությունն ու պատկանելության զգացումը ճանաչելու միջոց։ 
Պատմության ընդլայնում
Այս անգամ Անահիտը աշխատանքին մոտեցավ այլ կերպ։
Պատմության մեկ դրվագի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նա ընդլայնեց շրջանակը՝ ներառելով հայ ժողովրդի ավելի լայն փորձառությունը՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններ, այդ թվում՝ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը.
«Իմ նպատակը ոչ միայն ուշադրություն հրավիրելն էր այս վայրագությունների վրա, այլեւ ցույց տալ այն ժողովրդի դիմադրողականությունը, որը բազմիցս բախվել է բռնության եւ ցնցումների, բայց շարունակել է վերականգնել իր կյանքը, պահպանել ինքնությունը եւ առաջ շարժվել»։ 
Ինչու է ճանաչումը դեռ կարեւոր
Անահիտի համար Հայկական ժառանգության ամիսը հնարավորություն է ոչ միայն  հայկական համայնքի ներսում ինքնության ճանաչման, այլեւ տարբեր համայնքների միջեւ կամուրջներ կառուցելու համար՝ «փոխըմբռնման, համերաշխության եւ փոխադարձ հարգանքի համար»: 
Մեծանալով որպես իր դպրոցի միակ հայ աշակերտուհի՝ նա սովորել է լեզու է գտնել տարբեր մշակույթներ կրող հասակակիցների հետ՝ համատեղ փորձառությունների, ավանդույթների եւ առօրյա կյանքի միջոցով։ Այդ փորձառությունները ձեւավորել են նրա համոզմունքը, որ ճանաչումն ու ընդունումը ոչ թե բաժանում են ստեղծում, այլ՝ փոխըմբռնում։
Ինքնաճանաչման տարածքի ստեղծում
Հայկական ինքնաճանաչումը, հատկապես սփյուռքում, գոյություն չունի մեկ միասնական ձեւով։ Այն արտահայտվում է տարբեր կերպ՝ կախված սերնդից, լեզվից եւ կյանքի փորձառությունից։ Ոմանք այն զգում են լեզվի եւ ավանդույթների միջոցով, մյուսները՝ համայնքի կամ անձնական կապերի միջոցով։ Այս ամենը հավասարապես կարեւոր է։
Անահիտի համար այս աշխատանքի նպատակը ոչ թե հայ լինելու սահմանում գտնելն է, այլ միջավայրի ապահովումը, որտեղ մարդիկ կարող են ներկայանալ այնպես, ինչպիսին կան։ Որպեսզի այդ ինքնությունը չպարզեցվի, այլ ճանաչվի իր ամբողջ բարդությամբ։
Նայելով դեպի ապագա
Անահիտը հույս ունի, որ իր աշխատանքը կոգեշնչի ուրիշներին, հատկապես երիտասարդներին, ձեռնարկելու նմանատիպ նախաձեռնություններ իրենց համայնքներում։
Նրա երկարաժամկետ նպատակը հավակնոտ է, բայց հստակ՝ համակարգված ջանք, որը դուրս է գալիս տեղական ճանաչման շրջանակներից եւ նպատակ ունի հասնել Հայ-ամերիկյան ժառանգության ազգային ամսվա հաստատմանը։
Նա սա դիտարկում է որպես կոլեկտիվ գործընթաց՝ հիմնված մասնակցության, իրազեկվածության բարձրացման եւ սերունդների միջեւ շարունակական ներգրավվածության վրա։
Ապրիլի 24-ը եւ հիշելու պարտականությունը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ 1915 թվականի իրադարձությունների 111-րդ տարելիցին, Անահիտի աշխատանքը ցույց է տալիս, որ հիշողությունն ու ճանաչումը սերտորեն փոխկապակցված են։
Անցյալը հարգելը միայն հետադարձ հայացք չէ։ Այն նաեւ վերաբերում է պատմության խորը ըմբռնմանը, պատմությունների սերնդեսերունդ փոխանցմանը եւ համայնքների շարունակական տեսանելիության ապահովմանը։
Իր ջանքերի շնորհիվ Անահիտը նպաստում է այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը ճանաչում է պատմությունը եւ միաժամանակ տեղ է բացում հայկական ինքնության ներկայի ու ապագայի համար։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment