Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում

Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։

Հարց ու պատասխան հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։

-Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Ի՞նչ է անում Կառավարությունը։

-Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Գների բարձրացման ռի՞սկ կա։

-Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։

-Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։

Leave a comment