ԵԱՏՄ-ում մի շարք ապրանքների համար կներդրվեն միասնական մակնշման կանոններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է որոշումներ, որոնցով սահմանվում են մի շարք ապրանքների մակնշման միասնական կանոններ ԵԱՏՄ երկրներում։
Խոսքը վերաբերում է թեյի, սուրճի, կակաոյի, ներկերի և լաքերի, մանկական խաղալիքների և շինանյութերի մակնշմանը։
ԵԱՏՀ-ի հաղորդմամբ՝ անդամ պետությունները ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում այդ կանոնների կիրառման ժամկետներն ու կարգը՝ պարտադիր ծանուցելով հանձնաժողովին առնվազն վեց ամիս առաջ։
ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ մակնշվող ապրանքների ցանկի ընդլայնումը նպաստում է ընդհանուր համակարգի զարգացմանը և թույլ է տալիս սպառողներին վստահ լինել ապրանքների իսկության հարցում։
Նրա խոսքով՝ սա նաև կբարձրացնի օրինական բիզնեսի մրցունակությունը՝ նվազեցնելով անօրինական շրջանառությունը։
Նշվում է, որ մակնշումը կիրականացվի միասնական տեխնոլոգիական մոդելի հիման վրա, որը ԵԱՏՄ-ում գործում է 2019 թվականից։
Այս մոտեցումը կապահովի ապրանքների կոդերի փոխադարձ ճանաչում անդամ երկրների միջև և կազատի բիզնեսին վերամակնշման անհրաժեշտությունից։