Լուրեր |
ՆԳ նախարարության «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» տարեկան համաժողովում ամփոփվել են 2025 թվականին իրականացված լայնածավալ բարեփոխումները։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ գերատեսչությունը շարունակել է ինստիտուցիոնալ զարգացման, թվայնացման և ծառայությունների որակի բարձրացման գործընթացը՝ նպատակ ունենալով ամրապնդել հանրային վստահությունը։
Նշվել է, որ ծառայությունների մեծ մասը տեղափոխվել է թվային տիրույթ, ինչը զգալիորեն նվազեցրել է հերթերը և քաղաքացիների ֆիզիկական այցելությունների անհրաժեշտությունը։
Թվայնացման արդյունքներով զգալի առաջընթաց է արձանագրվել հատկապես տրանսպորտային միջոցների գրանցման, վարորդական իրավունքի տրամադրման, անձնագրային և միգրացիոն ծառայությունների ոլորտներում։
Համաժողովում ներկայացվել է նաև միգրացիոն դրական միտումը․ 2025 թվականին գրանցվել է դրական սալդո՝ +8660 ՀՀ քաղաքացի, իսկ ընդհանուր միգրացիոն սալդոն կազմել է մոտ +30,500։
Նշվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, ինչպես նաև կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը, որը նախատեսվում է գործարկել փուլային եղանակով։
Բարեփոխումների շրջանակում ստեղծվել է «112» միասնական օպերատիվ կենտրոնը, զարգացվել են ոստիկանության թվային համակարգերը, ներդրվել են նոր գործիքներ հանցավորության վերլուծության և կանխարգելման համար։
Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին արձանագրված սպանությունները բացահայտվել են 100%-ով, առգրավվել է 768 կգ թմրամիջոց, իսկ պարեկային ծառայությունը բացահայտել է ավելի քան 14 հազար հանցագործություն։
ՆԳՆ-ում ընդգծել են, որ բարեփոխումների առանցքում շարունակում է մնալ հանրային անվտանգության երկարաժամկետ և կայուն համակարգի ձևավորումը։