Փաշինյան. Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ առաջիկայում կշարունակվեն եւ «տրամաբանական ժամկետում» կավարտվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքները։

«Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։ 
Սա կարեւոր եւ բացառիկ իրավիճակ է: Այդ 12 կմ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի թերեւս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների, եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ պայուսակների մեջ դրած են»,- ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «որտեղ սահմանապահ է կանգնած, կա անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ».
«Սահմանապահ զորքերը խաղաղության սիմվոլ են. այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, մեծամասամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն: Մեր նպատակն է, որ մեր բոլոր սահմանները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Այս վստահության բերումով է, որ պետությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը», – ասել է Հայաստանի վարչապետը:

Leave a comment