Մոսկվայում ձյուն և ուժեղ քամիներ են. ծառեր են տապալվել, չվերթներ չեղարկվել

Քաղաքականություն

27.04.2026 | 14:21

Ապրիլի 27-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել: Քաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ՝ ձյան, մերկասառույցի և ուժեղ քամու պատճառով, հայտնել է Հիդրոօդերևութաբանական կենտրոնը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ Մոսկվայում և շրջակա տարածքում մինչև օրվա վերջ չեն դադարի ձյունը և վայրկյանում 18-23 մետր արագությամբ քամին: «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը նշել է, որ Մոսկվայում ամսական նորմայի կեսի չափով տեղումներ են եղել։

Մոսկվայի տարբեր հատվածներում քամին և ձյունը ծառեր են տապալել: Արբատ-Պոկրովսկայա մետրոյի գծում ծառ է ընկել գծերի վրա՝ խոչընդոտելով գնացքների երթևեկությունը «Պարտիզանսկայա» և «Շչելկովսկայա» կայարանների միջև:

Baza-ի հաղորդմամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում ձյան պատճառով գիշերը չեն կարողացել ժամանակին թռիչք կատարել։ Օդանավակայանի մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնել է, որ որոշ չվերթներ հետաձգվել են «անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով»։

Մոսկվայի մարզի Դուբնա և Դոմոդեդովո քաղաքներում ձյան տեղումների և ընկած ծառերի պատճառով մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան, հայտնում են տեղական իշխանությունները։ Բացի այդ՝ Պավելեցկի և Սավելովսկի ուղղություններում խափանվել է գնացքների երթևեկությունը դեպի Մոսկվա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment