«Այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ԱԺ-ում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ տեղեկատվություն է տարածվել, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են բարձ պարգևավճարներ։
Նա նշեց, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը, բայց ճշգրտված կներկայացնի հայտարարագրում. «Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է, օրինակ նախարարին, բայց ամբողջ տարվա աշխատանքի դիմաց համարում եմ որպես վարձատրություն»։
Գալյանն ասաց, որ կառավարության՝ պարգևավճարների մասին որոշումը հույժ գաղտնի չէ, հրապարակային է, կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։
Նախարարը հայտնեց, որ կառավարոության կողմից շատ երկար է քննարկվել մեթոդաբանությունը, և որոշում է կայացվել պատճառաբանված կերպով բաշխել պարգևավճարները, կամ կարող են դա համարել աշխատանքի վարձատրություն։