Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին

Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 2023 թ. Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին:

 

Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարեց երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն էր:

Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշեց. «Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»:

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ 30-ամյա մարզուհին նշել է՝ մտադիր է մնալ սպորտում:

Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Leave a comment