Ամիրյանը՝ Պապ թագավոր, ընտրակաշառքը՝ աշխատավարձ, տրանսպորտում էլ….խալխի մարդուն գրկած – 22 Ապրիլի 2026

Երեկ ավագանու հերթական նիստում քվորում չլինելու պատճառով չընդունվեց օրակարգում ընդգրկված՝ Ամիրյան փողոցը Պապ թագավոր անվանափոխելու որոշման նախագիծը: Ի՞նչ կատարվեց: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ: 

– Մեր խմբակցությունը ի սկզբանե դեմ է եղել Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի այդ տարբերակին: Այո, Պապ թագավորի անունով փողոց պետք է ունենալ, բայց մի բան է, երբ փողոց է անվանակոչվում, մեկ այլ բան, երբ մեկ պատմական կերպարի անունը փորձում են օգտագործել այլ խնդիր լուծելու համար: Լենինգրադյանից հետո հիմա էլ Ամիրյան փողոցը անվանափոխելը ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի, հատկապես, որ Պապ թագավորը Փաշինյան Նիկոլի կողմից շատ տարփողվող կերպար է (իբր փորձում է իրեն նմանեցնել նրան): Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, որ իշխանությունը իր «իդեա ֆիքսերը» փորձում է անպայման հատկապես մինչև ընտրական գործընթացները իրականացնել: Ակնհայտ է, որ այդ առումով նաև իշխող կոալիցիայի մեջ կա ճեղքվածք: Ավագանու նիստում պատկերը այնպիսին էր, որ քվեարկությանը չմասնակցելով, քվորում չապահովելով հնարավոր եղավ վիժեցնել այդ նախագծի դրական ելքը: Մենք օգտվեցինք այդ հնարավորությունից: Առժամանակ, առնվազն մինչև հաջորդ ավագանու նիստը՝ մայիսի 7-ը, փողոցը դեռևս կշարունակի կոչվել Ամիրյան: Ու առհասարակ, եթե այս մարմաջը շարունակի մեծ ծավալներ ընդգրկել, մի օր անվանափոխելու են Իսակովի պողոտան, Մյասնիկյանը, Խանջյանը, բոլոր այն հայտնի փողոցները, որոնք կապված են խորհրդային շրջանի հայ գործիչների հետ: 

– Պարոն Սուքիասյան, Երևանի քաղաքացիները շարունակում են դժգոհել Շտապ օգնության ծառայությունից, այդ ծառայության բուժաշխատողներն էլ իրենց հերթին դժգոհում են մեքենաների և բուժծառայությունների պակասից, մինչդեռ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը ոլորտի այդ հիմնախնդրից խոսելու փոխարեն տեղեկացրեց, որ Շտապ օգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը 20-30 տոկոսով բարձրացվելու են: Արդյո՞ք հերթական ընտրակաշառքը չէ ընտրությունների նախաշեմին:

– Ընտրություններից առաջ միշտ էլ իշխանությունը փորձում է դեմքով շրջվել դեպի քաղաքացին, բոլոր ժամանակներում է դա եղել: 

Այդ առումով, իհարկե, ընդդիմությունն էլ լուրջ անելիք ունի, և քարոզարշավի ժամանակ անվտանգային և ապագային վերաբերող տարաբնույթ խնդիրներից զատ նաև սոցիալական բնույթի խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ պետք է առաջարկի: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել ընդամենը ճոխ խոստումների մրցավազքի:

Հարկ է նկատի ունենալ, որ իշխանությունը այդ առումով էլ միշտ ունենում է առավելություն, ունենում է լծակներ և ռեսուրսներ, փող, ֆինանս, դրանից միշտ էլ օգտվելու է։ Բայց ընտրությունները այն ժամանակահատվածն են, երբ ընդդիմությունը պետք է առավելագույնս բաց ու անկեղծ խոսի ժողովրդի հետ և՛ տարբեր ժամանակների արատների, սխալների ու բացթողումների, և՛ մեր օրերի խնդիրների վերաբերյալ, որպեսզի մարդիկ կարողանան վեր կանգնել ընթացիկ սիրաշահումներից: 

– Իրատեսական առաջարկներ ունե՞ք բոլոր ոլորտների, և մասնավորապես տրանսպորտի ոլորտի վերաբերյալ:

– Տրանսպորտի առնչությամբ՝ գործում է մի պարզ մեխանիզմ՝ հավաքագրում-հասույթ-ծախս: 

Նախկինում պատճառաբանում էին, թե իբր վարորդները գրպանում են գումարները: Նրանք էլ գործադուլների ժամանակ պարբերաբար հերքում էին՝ պատճառաբանելով, որ ինչ-որ մարդկանց էլ են գումարներ տվել: Իրավապահները չփորձեցին գործը հետաքննել՝ ի վերջո ով է գրպանել գումարները: 

Հիմա էլ ելակետային տվյալներ, թե որքան է կազմում «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը, հնարավոր չէ ֆիքսել: Ավինյանի վերջին հայտարարությունն էլ հանգեցրեց լարվածության ուղևոր-վարորդ հարաբերություններում: 

Այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր. բոլորը ավտոբուսի 50 տոկոսով թանկացման վրա են ֆիքսվել, մինչդեռ տրոլեյբուսի պարագայում դա նշանակում է եռապատիկ թանկացում:

Ինչ վերաբերում է գազելներն ավտոբուսներով փոխարինելուն, մեր բոյկոտի ժամանակ մի պատկառելի տարիքի կին շատ դիպուկ բնորոշեց՝ «եթե նախկինում գազելներում պպզած էի խալխի մարդուն գրկած գնում տուն, հիմա կանգնած եմ խալխի մարդուն գրկած գնում տուն»: Այսինքն՝ միևնույն է` մարդիկ անմարդկային պայմաններում հարկադրաբար երթևեկում են: Հետևաբար տրանսպորտային բարեփոխումները մենակ ավտոբուս առնել-բերելով չէ։ Տրանսպորտը ամբողջական համակարգ է, և բացի այդ, քաղաքը անսպառ ու անհամաչափ «մեծանում է» շինթույլտվություններով։ Արդյունքում պրոբլեմներ են ստեղծվում նաև հաջորդ իշխանությունների համար, և եթե մի օր ուզեն քաղաքի մի ծայրամասից մյուսը շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնարավոր չի լինի, քանի որ այդ ճանապարհի տեղում էլ են շենքերի շինթույլտվություն տվել: Այսինքն՝ քաղաքը կանգնելու է կոլապսի առաջ և դրա նախանշաններն առկա են։ Հավելումն՝ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ից արդեն լուրեր են ստացվում, որ վարորդների մոտ դժգոհություն կա, որ Ավինյան Տիգրանը փաստացի շանտաժ է անում՝ «եթե դուք ուղևորներից չգանձեք գումարները, մենք ձեր հավելավճարները չենք տա»: Եվ դա այն պարագայում, երբ մարդիկ անմարդկային պայմաններում են աշխատում՝ 18-20 ժամ, որի արդյունքում ավտոբուսներով վթարների թիվը աճել է:

– Ձեր տեսակետը Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի մասին։

– Այս սոցիալական սիրաշահումները․․․ Եթե նկատում եք, իրենք որդեգրել են ուտելու ուղեգիծը: Միշտ էլ, նույնիսկ ամենաչնչին ռեյտինգ ունեցող իշխանությունը կարող է իր վարչական ապարատով մի քանի հարյուր մեքենա մոբիլիզացնել, գնալ ինչ-որ մի տեղ և նման դիմակահանդես իրականացնել: Իրենք «գաստրալյորներ» են: Քանի՞ գյումրեցի կար հրապարակում, կամ Գյումրու ի՞նչը փոխվեց դրանից: Ընդամենը մի ճանապարհ է բացվել, մինչդեռ վաղուց էս երկրում բազմաթիվ ճանապարհներ պիտի բացված, սարքված լինեին: Նույն Փաշինյան Նիկոլն էր հայտարարել՝ 2,5 միլիարդ թալանից վերադարձնելու ենք, բանակը վերազինենք: Մինչև արցախյան պատերազմն է ասել: Սա նշանակում է՝ կամ ի վիճակի չէ էդ թալանը վերադարձնել, կամ էդ թալանը չի եղել: Կամ էլ գուցե էդ թալանչիների հետ դարձել է «օրթախ»: 

Կյանքը թանկացել է, բայց եկամուտները մնացել են նույնը, սոցիալական և անվտանգային խնդիրները մնացել են նույնը: Ավելին՝ նախորդ օրը իրենց ներկայացուցիչը Ստամբուլում հայտարարեց, թե մեր ճակատագրերը փոխկապակցված են: Հիմա էլ Սիմոնյան Ալենը գնացել թուրքերի մոտ Ալիևից է բողոքում, թե մի քիչ «ուգամանիտ» արեք: Նրանք էդ կարգի հացկատակներ են ընդամենը, որոնք էս երկիրը դարձրել են առուծախի առարկա, ու էս ամենը լավ բանի չի տանելու, եթե Աստված մի արասցե՝ էս մղձավանջը շարունակվի հունիսի 7-ից հետո:

Մելանյա Ծառուկյան

Leave a comment