ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը համաձայն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն հայտարարության հետ, թե ներկայում Եվրոպան ունակ չէ ինքնուրույն պաշտպանել իրեն առանց Միացյալ Նահանգների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Կալասն ասել է Օսլո կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այո, այժմ սա է իրավիճակը։ Բայց ԵՄ-ն աշխատում է դրա վրա՝ ավելացնելով ներդրումները պաշտպանաության բնագավառում», – հայտարարել է Կալասը՝ ի պատասխան Ռյուտեի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի:
Ավելի վաղ Ռյուտեն, հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողում, եվրոպացիներին կոչ էր արել «դադարել երազել» Եվրոպան պաշտպանելու հնարավորության մասին՝ առանց հույսն ԱՄՆ-ի վրա դնելու։
Միևնույն ժամանակ Կալասը մերժել է պաշտպանության հարցերով լիտվացի եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի առաջարկը՝ ստեղծել Եվրոպայի անվտանգության խորհուրդ, որի կազմի մեջ կմտնեն Եվրոպայի առաջատար երկրները։
«Ես չեմ կարծում, թե մեզ անհրաժեշտ են նոր ինստիտուտներ։ Մեզ անհրաժեշտ է (ռազմարդյունաբերական) այն ծրագրերի իրականացում, որոնք ԵՄ-ն արդեն ունի», – հայտարարել է նա։