Ո՞ր հիվանդություններն են ներառված Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում. մանրամասնում են նախարարությունից և թվեր ներկայացնում

Ո՞ր հիվանդություններն են ներառված Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում. մանրամասնում են նախարարությունից և թվեր ներկայացնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթում ընդգրկված ծառայությունների մասով ՀՀ քաղաքացի ռեզիդենտ 65 ու բարձր տարիքի անձանց կատարած այցերի թիվը կազմել է 112.915, իսկ 200.000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողներինը՝ 25.655 այց»,- Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների այցերի 90,6 տոկոսը կազմում են ամբուլատոր այցերը, 8,7 տոկոսը հիվանդանոցային այցերը, 0,4 տոկոսը շտապ օգնության կանչերը:

Անդրադառնալով հանդիպող հիմնական խնդիրներին՝ կառույցից նշեցին. «Առավել ծանրաբեռնված են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները՝ պայմանավորված աճով և թողունակությամբ: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացում հիմնական խոչընդոտը հանդիսանում է ապահովագրված անձանց կողմից ապահովագրական փաթեթից օգտվելու ուղեգրման ընթացակարգերի չպահպանելը»:

Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից են՝ վարակիչ և մակաբուծական որոշ հիվանդություններ, նորագոյացություններ, արյան և արդյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին խանգարումներ` իմունային մեխանիզմների ներգրավմամբ, ներզատական համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ, հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ, նյարդային համակարգի հիվանդություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, շնչառական օրգանների հիվանդություններ, մարսողական օրգանների հիվանդություններ, մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, միզասեռական համակարգի հիվանդություններ, հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան, պերինատալ շրջանում առաջացող առանձին վիճակներ, բնածին շեղումներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ, կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խմբերում չդասակարգված ախտանիշներ, վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ:

Նախարարությունից հայտնեցին, որ համակարգի վերաբերյալ արդյունավետության գնահատական կարելի է տալ որոշակի ժամանակահատվածից հետո:

Leave a comment