Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել» է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

Քաղաքականություն

24.04.2026 | 13:55

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում «խստորեն դատապարտել» է ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նշվում է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման արշավը, որը, իբր, էթնիկ ատելության մարմնացում է, նաև համապատասխան անվտանգության միջոցառումներ ձեռնարկեր։

«Բացարձակապես անընդունելի է աչք փակել նման անընդունելի գործողությունների վրա՝ ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության և խոսքի ազատության պատրվակով։ Նման գործողությունները, որոնք ֆաշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, կրում են վառ արտահայտված ռևանշիստական բնույթ ​​և հիմնված են էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին»,- ասվում է Բաքվի  հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այս հարցի շուրջ որևէ հայտարարություն չի տարածել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment