Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը. ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար»  2026 թվականի մրցանակաբաշխությանը


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին:


 Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։


 Հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին։


 Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4–ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։


 Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։


Leave a comment