Հայաստանում կստեղծվեն աղբահանության ևս 4 նոր համակարգեր․ դրանցից մեկը կսպասարկի Երևանը

Հայաստանի կառավարությունը ծրագրում է հանրապետությունում ներդնել աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ևս 4 համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվար․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը ծրագրում է հանրապետությունում ներդնել աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ևս 4 համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին։


Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։


Նախարարը հիշեցրել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում ստեղծված նման օբյեկտն արդեն 2025 թվականի հուլիսից գործում է Հրազդան քաղաքում, որն այս պահին աղբահանության ծառայություններ է մատուցում 10 համայնքների շուրջ 300 հազար բնակչի, իսկ Հրազդանի աղբավայր օրական տեղափոխվում է մոտ 100 տոննա թափոն: 


Նախարարը հայտնել է, որ մշակվել է նաև հանրապետության 8 մարզերի աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։ 


«Ծրագիրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքների համար, ներկայումս 10 համայնքների 71 բնակավայրերում իրականացվում է աղբահանությունն այդ համակարգով», – նշել է Խուդաթյանը։ 


Անդրադառնալով աշխատանքների ընթացքին՝ նախարարը տեղեկացրել է, որ մյուս համայնքների մասով փոխաբեռնման կայաններն արդեն պատրաստ են, և առաջիկայում գործընթացը կմեկնարկի նաև այնտեղ։ 


Նախարարի խոսքով՝ համակարգն այս պահին գործում է 70 տոկոսով, իսկ նոր մոտեցմամբ աղբահանությունն իրականացվում է աննախադեպ որակով։ 


Նա հավելել է նաև, որ գոյություն ունեցող սանիտարական աղբավայրն իր չափանիշներով որևէ առնչություն չունի նախկինում եղածների հետ, և այս փուլում համակարգի աշխատանքից ստացված տպավորությունները դրական են։

Leave a comment