Թիմ Քուքը հիշել է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնում իր գլխավոր սխալները

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ Apple Maps քարտեզային հավելվածի գործարկումը եղել է իր «առաջին իսկապես լուրջ սխալը» ընկերության ղեկավարման ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Քուքը, որը սեպտեմբերի 1-ին կհեռանա պաշտոնից, այդ խոստովանությամբ հանդես է եկել հանրային հանդիպման ժամանակ։ Միջոցառումն անցկացվել է նրա իրավահաջորդ Ջոն Թերնուսի հետ միասին։

Ինչպես նշել է Bloomberg-ը, հավելվածը գրեթե ամբողջ աշխարհում վատ էր աշխատում։ Այն օգտատերերին տալիս էր սխալ երթուղիներ, սխալ էր նշում տեսարժան վայրերը և ընդհանուր առմամբ հարմարավետությամբ զիջում էր Google-ի ծառայությանը, որը այդ ժամանակ օգտագործվում էր iPhone-ում։ Այս ձախողումը դարձավ Քուքի դարաշրջանի առաջին խոշոր կադրային փոփոխության պատճառը․ նա աշխատանքից ազատեց Սքոթ Ֆորսթոլին՝ ծրագրային ապահովման բաժնի ղեկավարին և Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մերձավոր գործընկերներից մեկին։

«Մենք ներողություն խնդրեցինք դրա համար և ասացինք` օգտվեք այլ հավելվածներից. դրանք ավելի լավն են, քան մերը։ Դա բավական նվաստացուցիչ էր։ Բայց մենք ճիշտ վարվեցինք մեր օգտատերերի նկատմամբ… Հիմա ունենք մոլորակի լավագույն քարտեզային հավելվածը»- ասել է Քուքը։

Այլ անհաջողությունների շարքում Քուքը նշել է նաև AirPower անլար լիցքավորման գորգի ձախողված թողարկումը և անօդաչու ավտոմեքենա ստեղծելու տասնամյակ տևած, բայց անհաջող փորձերը։ Սակայն, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այդ սխալներից ոչ մեկը չի հանգեցրել այնպիսի ճգնաժամի, որը ընկերությանը հետ կգցեր։ Քուքը, որը պաշտոնը ստանձնել է 2011 թվականի օգոստոսին, Apple-ը ստացել էր 350 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով և հասցրել է այն մինչև 4 տրիլիոն դոլարի։

Խոսելով ձեռքբերումների մասին՝ Քուքը նշել է, որ հատկապես հպարտանում է Apple Watch-ով և առողջապահական ֆունկցիաներով։

«Հիշում եմ, թե ինչպես ստացա առաջին հաղորդագրությունը Apple Watch-ի օգտատիրոջից, որտեղ նա պատմում էր, որ ժամացույցը փրկել է իր կյանքը։ Հիմա, իհարկե, նման հաղորդագրություններ ստանում եմ ամեն օր, բայց դրանցից առաջինը ինձ հատկապես ուժեղ տպավորեց», – պատմել է Apple-ի ղեկավարը։

Ջոն Թերնուսը, խոսելով ընկերության նոր արտադրանքների թողարկման ծրագրերի մասին, հայտարարել է, որ Apple-ը կրկին «կփոխի աշխարհը»։

Այն բանից հետո, երբ Ջոն Թերնուսը զբաղեցնի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, Թիմ Քուքը կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ։ Apple-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա աջակցություն կցուցաբերի ընկերության գործունեության որոշ ուղղություններում, այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչների հետ փոխգործակցության հարցերում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment