Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են

Քաղաքականություն

23.04.2026 | 16:36

Ադրբեջանում Կուր գետի վարարման հետևանքով Զարդաբի շրջանի Շիխբաղի, Մեհդիլար և Ալիբեյլի գյուղերում հեղեղվել են տներ, սննդի օբյեկտներ և գյուղատնտեսական դաշտեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բնակիչներն ասում են, որ չնայած իրավիճակի հետ կապված բազմիցս դիմել են իշխանություններին, դեռևս չեն ստացել անհրաժեշտ օգնությունը:

Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը (ADSEA) հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գործակալության տվյալներով՝ տների բակերի հեղեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ շենքերը գտնվում են Կուր գետի պահպանության գոտում։

«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է Կուր գետի վտակներ Թուրյանչայ, Գիրդմանչայ և Կարկառ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացմամբ՝ վերջին օրերին տեղացած ուժեղ անձրևների պատճառով: Ներկայումս Կուր գետի ջրի մակարդակի նվազում է նկատվում մի շարք տարածքներում: Տեղական օպերատիվ բաժինները մոնիթորինգ են անցկացնում, իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,- ասվում է հայտարարությունում:

Հաղորդվում է նաև, որ Աղջաբեդիի շրջանում Կուր գետի վրայի ամբարտակը փլուզվել է։ Դեպքը տեղի է ունեցել Կուր  և Կարկառ գետերի միախառնման վայրում՝ Նաջաֆգուլուբեյլի գյուղում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment