2025թ.-ին ստացել ենք 195 դիմում-բողոք, որի գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին. Տեսչական մարմնի ղեկավար

Կրթության տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է դպրոցներում բուլինգի դեպքերին և դրանց պատճառներին


ԵՐԵՎԱՆ. 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025-ին Կրթության տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որի գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել են դպրոցներին:  


Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ նշելով, որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքի հետ։


Մատիկյանի խոսքով՝ հատկապես շատ են խախտումները, որոնք վերաբերում են ուսումնական հաստատություններում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը։


«Ունենք ուսումնական հաստատություններում բուլինգի դեպքեր: Դեպքերի աճն ուղիղ համեմատական է բուլինգի և բռնության վերաբերյալ շահառուների՝ սովորողների, ծնողների, նաև մանկավարժների կողմից տվյալ երևույթի մասին տեղեկացվածության աճին», – ասել է Մատիկյանն՝ ընդգծելով, որ կան նաև խախտումներ, որոնք կապված են մանկավարժական աշխատողների որակավորման պահանջների հետ։


 Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ այն դեպքերում, երբ դիմում-բողոքում բարձրացված խնդիրներն արձանագրում են կրթական գործընթացի խախտվածություն, որոնք կապված են տվյալ բռնության կամ բուլինգի դեպքի հետ, կամ արձանագրվում է, որ առկա է բարոյահոգեբանական մթնոլորտի խախտվածություն, անմիջապես տեսչական մարմինն արձագանքում է, իսկ այն դեպքերում, երբ բողոքը վերաբերում է միայն ֆիզիկական բռնությանը, վերահասցեագրվում է համապատասխան մարմիններին։


«Կոնկրետ բռնության և բուլինգի դեպքերի մեծ մասով տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործառույթներ՝ ներգրավելով համապատասխան փորձագետների, հիմնականում հոգեբանների»- նշել է Մատիկյանը։  


 Նրա խոսքով՝ այս ուղղությամբ բովանդակային աշխատանքները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից, ուստի տեսչական մարմինը սահմափակվում է կանխարգելիչ իրազեկման միջոցառումներով՝ իրավիճակի ամբողջական պատկերն ու վերլուծությունները փոխանցելով համապատասխան մարմիններին։


 

Leave a comment