Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, ընթանում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի և կուսակցության Վաղարշապատի պատասխանատու Արամ Քոչարյանի գործով նախնական դատալսումները:
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, դատարանն այժմ քննում է նրանց խափանման միջոցի հարցը՝ դռնփակ ռեժիմով: Պաշտպանական կողմը միջնորդեց խափանման միջոցի հարցը քննել դռնփակ ռեժիմով` պայմանավորված Արամ Քոչարյանի առողջական խնդիրների վերաբերյալ հարցերով:
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է դեռ 2025թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու համար: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Խաչիկ Գալստյանից բացի, քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ Գալստյանի և Քոչարյանի խափանման միջոցները հետագայում փոխարինվել էին տնային կալանքով։
Այս նիստում դատավորը պարզեց Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանի ինքնությունը։
Դատավորի հարցին՝ նախկինում դատվածություն ունեցե՞լ է, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ. «Անգամ կարմիր լույսի տակով անցած չեմ եղել»։
Նա հայտնեց նաև, որ ունի 18-ամյա որդի։ Քոչարյանն այս պահին աշխատում է դպրոցում՝ որպես փոխտնօրեն։
Դատարանի որոշմամբ՝ խափանման միջոցի հարցի քննարկումը, որի ընթացքում վկայակոչվելու են նաև Արամ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, կանցկացվի դռնփակ ռեժիմով։