Robust Armenia 2026. Թորած ջրի երկրորդ կյանքը, պտղատու ծառերն ու «կանաչ» պարտատոմսերը

2026 թվականի ապրիլի 22-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը անցկացրեց կայուն զարգացման հարցերին նվիրված թվով  երրորդ Robust Armenia/Ամուր Հայաստան կոնֆերանսը: Այս տարվա թեման էր «Բիզնեսը եւ բնությունը»: 

Կոնֆերանսի գործընկերներն էին Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): 

Կոնֆերանսի բացման եւ առաջին պանելային քննարկման մասին կարդացեք Robust Armenia 2026. Բիզնես-բնություն «հարաբերություններն» ու վերականգնվող Մատնունի ծիրանավորը հոդվածում:

Երկրորդ պանելային քննարկման թեման էր «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»: Քննարկմանը մասնակցում էին Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն Էլինա Մարգարյանը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար Շուշան Խաչատրյանը, GreenInvest.ai նախագծի հեղինակ Արմեն Սաքապետոյանը:

«Կանաչ» տնտեսությունը՝ վարքագիծ թելադրող

Էլինա Մարգարյան, Coca Cola HBC Armenia ընկերության հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն

Դեռեւս 6-7 տարի առաջ, երբ բիզնեսի ներկայացուցիչների հետ խոսում էի կայունության, «կանաչ» տնտեսության, թափոնների կառավարման հարցերի մասին, շատերը զարմանում էին, թե ինչու ենք այսպիսի հարցեր բարձրացնում, քանի որ պետական եւ կարգավորող մարմինների կողմից սահմանված պատասխանատվություն չկար։ 

Կարծում եմ՝ «կանաչ», շրջանաձեւ տնտեսությունն այն ուղղություններն են, որտեղ բիզնես միավորները պատասխանատու ձեւով պետք է համագործակցեն, այնպիսի գործունեություն ծավալեն, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցվի:

Արսեն Բազիկյան, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ

Ողջունելի է, որ «կանաչ» տնտեսության մասին սկսել ենք խոսել կիրառական իմաստով: «Կանաչ» տնտեսությունը նոր վարքագիծ թելադրող համակարգ է, որը պետք է մյուս էկոհամակարգերին չխանգարի եւ այդ «սիմբիոզի» մեջ պետք է իրեն դրսեւորի առավելագույնս արդյունավետ: 

Սա վարքագիծ է, որը պետք է սկսի ամենապարզ կենցաղային երեւույթներից, ամենապարզ սովորույթների փոփոխություններից մինչեւ տնտեսության զարգացման բերող գործողություններ։

Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար

Երեւանի կոնյակի գործարանը՝ լինելով միջազգային Pernor Ricard խմբի անդամ, շատ վաղուց «թաթախված» է այս թեմայի մեջ եւ շատ ուրախալի է տեսնել, որ Հայաստանում ոչ միայն խոսակցությունների մակարդակով է այս թեման քննարկվում, այլեւ գործնական մոտեցումներ կան:

Մենք առաջնորդվում ենք մեր խմբի քաղաքականությամբ՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, բայց հիմնական մոտեցումն այն է, որ ոչ միայն պետք է կոնկրետ ռեսուրսը խնայել, որից օգտվում ենք (մշակաբույսերը, ջուրը), այլ ամբողջ տարածքը՝ տերուար ասվածը, որը բավականին մեծ համալիր է՝ հող, միջատներ, խոտածածկ տարածքներ, ջրային ռեսուրսներ եւ այլն:

Արմեն Սաքապետոյան, GreenInvest.ai նախագծի հեղինակ

«Կանաչ» տնտեսությունը կամավոր վարքագծի կանոնների ամբողջություն է, որը պետք է պահպանվի ցանկացած ճյուղում՝ լինի կառուցապատում, գյուղատնտեսություն, թե արտադրություն: Կյանքը ցույց է տալիս, որ պարտադիրը միշտ չէ, որ ընկալելի է կամ տուգանքներով հնարավոր է մարդկանց գիտակցությունը փոխել: 

«Կանաչ» տնտեսությունն ինձ համար դիտարկելի է նաեւ քաղաքական տեսանկյունից: Եվրոպական երկրներում կան «կանաչների միություններ», ինչը մեզ մոտ բացակայում է, բայց դրանք իրենց քաղաքական ազդեցությունը կարող են ունենալ բնապահպանական խնդիրների վրա:

Շրջանաձեւ տնտեսության մոդելը՝ խնայողություն եւ թափոնների վերամշակում

Էլինա Մարգարյան, Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն

Շրջանաձեւ տնտեսության մի մասն էլ, ինչպես գործընկերներս նշեցին, վարքագծային փոփոխություններն են: 

Օրինակը բերեմ մեր ընկերության աշխատանքից: Ըմպելիքներ արտադրելուց գոյանում են թափոններ, որոնց երկրորդ կյանք ենք տալիս: Ընկերության ներսում տարիներ շարունակ գործում է թափոնները հավաքագրելու, տարանջատելու եւ վերամշակելու գործընթացը: 

Ընկերության ներսում հայեցակարգերն ու վարքագիծը ներդնելուց բացի, Coca Cola HBC Armenia–ն իրականացնում է նաեւ կրթական ծրագրեր: Երեւանի քաղաքապետարանի հետ հուշագիր ունենք եւ արդեն 150 դպրոցում «կանաչ» տնտեսության դասընթացներ ենք անցկացրել եւ դեսպանորդներ ունենք, որոնք իրազեկում են այս մոդելի մասին։

Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար

Մեր գործարանում շրջանաձեւ տնտեսության օրինակներից է ջրի օգտագործման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Դա թորած ջրի հետ կապված ընթացակարգն է, որը կոչվում է փակ շրջանառության համակարգ եւ միտված է ջրի խնայողությանը։ ԵԿԳ երկու մեծ մասնաճյուղերում՝ Այգավանում եւ Արմավիրում, այդ ծրագիրն ամբողջությամբ ներդրված է։ 

Թորման ընթացքում սպիրտ ստանալու համար օգտագործվող ջուրը եւ գոլորշին վերաշրջանառվում են։ Քանի որ ջերմաստիճանը բավականին բարձր է, այդ ցիկլը սառեցվում է եւ վերադառնում՝ նույն գործընթացն ապահովելու համար։ Սա տեղի է ունենում անընդմեջ։ Երեք տարվա մեր վիճակագրության համաձայն՝ ջրի շուրջ 75% խնայողություն ունենք։ 

Նույն ջուրն օգտագործվում է նաեւ գրասենյակային եւ արտադրամասային տարածքների ջեռուցման համար։ Այսինքն՝ բացի ջրի խնայողությունից, ունենք եւս երկու առավելություն՝ տարածքները ջեռուցելու համար գազի ծախսի խնայողություն եւ ածխաթթու գազի արտանետումների կրճատում։

Փականներով ցայտաղբյուրները եւ ջրի խնայողաբար օգտագործումը

2021 թվականի հոկտեմբերին Երեւանի կոնյակի գործարանն ավարտել էր նույն թվականի ամռանը մեկնարկած Երեւանի ցայտաղբյուրների փականներով կահավորման աշխատանքները։ Կատարված ուսումնասիրության համաձայն`փականներով կահավորված յուրաքանչյուր ցայտաղբյուրի մասով ջրի օգտագործումը միջինում նվազել էր շուրջ 10 անգամ, որի արդյունքում 250 ցայտաղբյուրների մասով ջրի ամսական ընդհանուր տնտեսումը գերազանցում էր 23 միլիոն լիտրը:

Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար

Այս ծրագիրը միանգամյա էր, այն իրականացրել էինք «Վեոլիա» ընկերության հետ համատեղ: Երեւանի քաղաքապետարանից թույլտվությունը ստացանք, փականները տեղադրեցինք եւ հետո նախագիծը «հետ հանձնեցինք» քաղաքապետարանին: 

Վերահսկողությունը, մոնիտորինգը ու հետագա տեխնիկական սպասարկումը քաղաքի պատասխանատվության ներքո է: Ցավոք, բախվեցինք սոցիումի հետ, որը, գուցե, չունի ռեսուրսները խնայելու մշակույթ, ինչի հետեւանքով էլ կարող ենք այսօր շատ քիչ տեղերում նկատել այդ փականները: 

Արմեն Սաքապետոյան, GreenInvest.ai նախագծի հեղինակ

Ցանկացած ինտենսիվ գյուղատնտեսություն պահանջում է սեփական կաթիլային ոռոգման համակարգը, ինչը զգալիորեն նվազեցնում է ջրի սպառումը։ Երբ հաշվարկում ես, թե որքան ջուր ես օգտագործում կամ որքան ես վճարում դրա համար, սկսում ես խնայել յուրաքանչյուր կաթիլը։

Գյուղերում հաճախ ընդունված է առավոտյան բացել ջուրը այգիներում եւ փակել միայն երեկոյան՝ առանց հստակ վերահսկողության։ Այս մոտեցմանը հակադրելով՝ ստեղծել ենք շրջանաձեւ ջրօգտագործման համակարգ։ Մենք առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որը ջուրը վերցնում է անմիջապես Արաքս գետից, ապա ամբողջությամբ արեւային էներգիայով այն մղում դեպի ջրամբարներ։ Արդյունքում՝ 300 հեկտար այգի ոռոգելու համար օգտագործում ենք նույնքան ջուր, որքան սովորական գյուղացիական տնտեսությունը՝ ընդամենը 5 հեկտար հողատարածք ջրելու դեպքում։ Այսինքն՝ ջրի օգտագործումը կրճատում ենք մոտ 60 անգամ։

Էլինա Մարգարյան, Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն

2016 թվականից Coca Cola HBC Armenia-ն իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված ծրագրեր: Քանի որ մեր արտադրության 90%-ը ջուր է, ունենք ջրի մաքրման պրոցեսում հատուկ թեստավորման ձեւ՝ ձկների միջոցով:

Էկոլիզինգի նպաստը «կանաչ» տնտեսության մեջ

Արսեն Բազիկյան, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ

Փորձում ենք ներմուծել այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորինս կնպաստեն «կանաչ» տնտեսության զարգացմանը։

Այս նպատակով «Արմլիզինգ»-ում ներդրել ենք «Էկոլիզինգ» ենթաբրենդը։ Մեզ համար կան նաեւ բոլորովին նոր ուղղություններ, որոնցից է երկրորդային հումքի վերամշակման սարքավորումների լիզինգը։ Բացի այդ, որդեգրել ենք նաեւ հստակ քաղաքականություն եւ առաջիկայում մեր մատակարար ընկերություններից ակնկալում ենք «կանաչ կատալոգների» առկայություն, որտեղ ներկայացվող ցանկում պարտադիր պետք է ներառված լինեն առնվազն 1-2 էներգախնայող կամ շրջակա միջավայրի պահպանությանը նպաստող սարքավորում:

Այսօր «Արմլիզինգ»-ի պորտֆելի 37%-ը էկոլիզինգն է զբաղեցնում: Դրա մեջ են մտնում էլեկտրամոբիլները, արեւային պանելները, էներգախնայող սարքավորումները: 

Նշեմ նաեւ, որ ինչպես ցանկացած ֆինանսական կառույց, մենք էլ կողմ ենք ոչ միայն ներդրումների դիվերսիֆիկացմանը, այլեւ ներգրավված միջոցների դիվերսիֆիկացմանը: Հունիսին թողարկելու ենք «կանաչ» պարտատոմսեր եւ ներգրավված միջոցներն ուղղելու ենք էկոլիզինգի զարգացմանը: 

Աշխատանքը ֆերմերների հետ եւ հող մշակելու նոր մոտեցումները

Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար

Խաղողագործների հետ մեր աշխատանքում շատ փուլեր ենք անցել՝ վարքագծի փոփոխությունից մինչեւ մշակման նոր տեխնիկաներ: Դանդաղ, բայց առաջընթաց ունենք: Երբ մշակման նոր տեխնոլոգիա ես բերում եւ ներկայացնում ֆերմերներին, հաճախ կարող ես լսել. «Մենք հազար տարվա խաղողագործներ ենք, դուք մեզ բան եք սովորեցնում»: Մշակել ենք այսպիսի մոտեցում՝ ընտրում ենք խաղողագործների մի մաս, որոնց տարածքում մշակման մեր նոր տեխնոլոգիաները պիլոտային ձեւով կիրառում ենք: Երբ հաջողությունը տեսանելի է դառնում, մյուս ֆերմերնն արդեն ինքնակամ սկսում են այդ նույն պրակտիկան իրենց այգիներում կիրառել: 

Խաղողագործների հետ կապված կրթական մեծ աշխատանք է տարվում, քանի որ ամեն շրջանում ունենք սպասարկող գյուղատնտեսներ, որոնց սովորեցնում ենք դրանց բուժանյութերի կիրառումը, բերքը ջրելն ու հավաքելը: Վարքագծային բավականին մեծ փոփոխություն ունենք:
 
Պտղատու ծառեր՝ բանկային ավանդի կամ պարտատոմսի փոխարեն

GreenInvest հարթակի միջոցով հնարավոր է ձեռք բերել պտղատու ծառեր եւ ներդրում կատարել երկարաժամկետ ակտիվներում:

Արմեն Սաքապետոյան, GreenInvest.ai նախագծի հեղինակ

Այս նախագծի մոդելը սկսեց այսպես՝ դիտարկեցինք, թե ինչն է ավելի թրենդային ֆինանսական շուկայում: Հայաստանում ամենաթրենդայինը վերջին 8 տարվա մեջ անշարժ գույքի ձեռքբերումն է, որը ոչ բոլորին է հասանելի, մյուսը՝ պարտատոմսերն են: Իսկ այն ինչ մենք ստեղծեցինք նորարարություն է Հայաստանի համար, բայց  աշխարհում նորություն չէ։ Եվրոպական շատ երկրներում կան այսպիսի հարթակներ, որտեղ մարդը կարող է դեռեւս չտնկած ծառը վաճառել: Սա նման է գնման իրավունքին, երբ դեռեւս չկառուցված շենքում կարող ես ներդրում կատարել: 

Միջազգային փորձը տեղայնացրել ենք եւ մեր հարթակում հնարավորություն ենք տալիս հանդիպել 3 կողմի՝ ֆինանսներ, գյուղատնտեսություն եւ բնություն: Այստեղ կանոնը շատ պարզ է՝ կարող ես գնել ծառ, որի բերքից եկամուտ ես ստանում, իսկ կառավարող գյուղատնտեսական ընկերությանը դրանից տալիս ես կառավարման գումարը։ Ծառ գնողն արդեն համարվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող եւ ազատվում է հարկերից: Այս պահին հարթակում կան երկու կազմակերպությունների նուշի այգիներ, բայց մեր տեսլականն է այգեգործական կազմակերպությունների թիվն ավելացնել եւ ձեւավորել ներդրումային էկոհամակարգ:

Մեր հարթակը շատ է օգնում նաեւ գյուղատնտեսին որոշումներ կայացնելու, ֆինանսական մոդելներ հասկանալու եւ գյուղատնտեսության մեջ կիրառելու այն ամբողջ հնարքները, որոնք գործում են աշխարհում: Հարթակում ներդրված արհեստական բանականության միջոցով այգիները թվայնացվում են, յուրաքանչյուր ծառ ունենում է իր անձնագիրը, յուրաքանչյուր այգի ունենում է ամբողջական տեղեկատվություն՝ հիմնադրման օրվանից մինչեւ ներկա պահի աշխատանքներ: Հարթակում կան նաեւ հաշվիչ, որով այցելուն կարող է իմանալ՝ օրինակ մեկ հասուն նուշի ծառից որքան բերք եւ եկամուտ կարող է ստանալ: 

Հարթակում բոլոր ծառերը ապահովագրվում են, շահառուն տվյալ դեպքում այգետերն է, որն իր վրա է վերցնում պատասխանատվություն՝ ծառի չորացման կամ վնասման դեպքում փոխարինել այն համարժեք այլ ծառով: 

Կոնֆերանսի բացման եւ առաջին պանելային քննարկման մասին կարդացեք Robust Armenia 2026. Բիզնես-բնություն «հարաբերություններն» ու վերականգնվող Մատնունի ծիրանավորը հոդվածում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a comment