Վարչության պետի պաշտոնավարումը կասեցված է, հայտնել են Երևանի քաղաքապետարանից
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանը հաստատել է, որ կասեցվել է վարչության պետի պաշտոնավարումը։
«Ես հաստատում եմ այն, որ վարչության պետի պաշտոնավարումը կասեցված է»,-ասել է նա։
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,-հայտնել են ՔԿ-ից։