Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովի հետ ու պարտվեց 2:2 հաշվով։
Եզրափակիչի ճանապարհին Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր իտալացի Թոմասո Բոսիին ու ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին և 1 րոպեում 8։0 հաշվով ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Սուներ Կոնունովից։
Ապրիլի 22-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ են անցկացնելու Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գասպար Տերտերյանը (72 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ ունի ԵԱ-ում։ Ավելի վաղ Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայի չորրորդ բրոնզե մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։