«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հինգ տասնյակ հանքափորներ արդեն մի քանի օր գործադուլ են հայտարարել։ Նրանք կոմբինատի ղեկավարությունից պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ղեկավարությունից հանդիպել են ցուցարարներին ու փոխանցել՝ զիջման չեն գնալու, այս պահին վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն չունեն:
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանը նշել է, որ բանակցելիս աշխատավարձի բարձրացման հնարավորությունը չեն դիտարկում, բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Իսկ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանն արդարացի է համարել հանքափորների պահանջը՝ հաշվի առնելով նրանց «ծանր ու վտանգավոր աշխատանքը»: Նշվում է, որ գործադուլ անողներին աշխատանքից ազատելու ծանուցումներ են ուղարկվում։
Այս իրավիճակին զուգահեռ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որ աշխատանքի է հրավիրում հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար՝ խոստանալով կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքը։ ՓԲԸ-ն-ի 100 տոկոս բաժնետերը 2019 թվականից Վահե Հակոբյանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին։
Իսկ միջանկյալ իրավաբանական անձը «Մասկօ մայն» ՓԲԸ-ն է, որը գործում է Երևանում։
Հունվար 22, 2026 at 15:48