2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային-տեղեկատվական դաշտում ակտիվացել են ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները․ մասնավորապես, հնչում են բոլոր ընդդիմադիրների՝ մեկ դաշինքի կազմում միավորվելու և այդ եղանակով ընտրություններին մասնակցելու առաջարկություններ։
«Փաստերի ստուգման հարթակն» ի մի է բերել վերջին տասը տարում համապետական ընտրություններում ընդդիմադիր դաշինքները, որոնց հաջողվել է մտնել խորհրդարան։
ԵԼՔ․ հեղափոխությամբ լուծարված դաշինքը
2016 թվականին երեք ընդդիմադիր կուսակցություն՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» և Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը», կազմեցին ընդդիմադիր դաշինք, որը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքելով 122,065 ձայն կամ ձայների 7.8%-ը, անցավ խորհրդարան։
Խորհրդարան մտնելուց մեկ տարի անց՝ 2018 թվականի մարտի 1-ին, Փաշինյանի ուժը միայնակ՝ առանց դաշինքի մյուս երկու ուժերի, Թավշյա հեղափոխության մեկնարկը տվեց․ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» Փաշինյանի նախաձեռնած փողոցային գործողություններին չմիացան հիմնականում այն պատճառաբանությամբ, որ իշխանափոխությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ թե փողոցային ճնշման ու քաղաքացիական անհնազանդության ճանապարհով։
Այս առիթով՝ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը դեռ շարունակում էր իր քայլերթը Գյումրիից դեպի Երևան, Մարուքյանը «Առավոտ» օրաթերթում «Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» վերտառությամբ ծավալուն հոդված հրապարակեց․ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգի հակաժողովրդավարական գործունեության դեմ պայքարում արդյունավետ ճանապարհ էր ներկայացնում ինստիտուցիոնալ՝ այն է խորհրդարանական պայքարը։
«Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ ի սկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել․․․Կարծում եմ՝ այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է»,- ասում էր Մարուքյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը հակադարձել էր՝ Մարուքյանի հոդվածում «գծագրված էր այն ճանապարհը, որը նույնպես տրորված է մի քանի անգամ և տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից»:
«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին զերծ մնալ նման հայտարարություններից, որովհետև դա «Ելք» դաշինքին կարող է դնել իշխանությունների հետ թաքուն պայմանավորվողի տրամաբանության մեջ: Ես ինքս նման բան թույլ չեմ տա ուղղակի», — ասել էր Փաշինյանը:
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ԵԼՔ դաշինքը շարունակեց գործել 6-րդ գումարման Ազգային ժողովում, սակայն Հայաստանում 2018-ի դեկտեմբերին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում դաշինքի ուժերը առանձին մասնակցեցին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք չկազմեց ո՛չ «Լուսավոր Հայաստանի» և ո՛չ էլ «Հանրապետության» հետ։
Այսպիսով, փաստացի ԵԼՔ դաշինքը մոտ երկու տարվա կյանք ունեցավ։
Արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարաբերությունները հարթ չէին․ դրանք ուղեկցվում էին սուր քաղաքական տեքստերով, անգամ վերածվում ծեծկռտուքի խորհրդարանի ամբիոնի մոտ։
Եվս մեկ չստացված համագործակցություն Մարուքյանի մասնակցությամբ
Ինչպես նշեցինք վերևում 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք չկազմեց «Լուսավոր Հայաստանի» հետ։ Կուսակցության ղեկավարը համագործակցություն սկսեց քաղաքական մեկնաբան, հանրային-քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի հետ, որն այդ պահին դեռ չէր հիմնադրել իր «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։
Սակայն, Բաբաջանյանի ու «Լուսավոր Հայաստանի» համագործակցությունը ևս շատ կարճ կյանք ունեցավ․ ԱԺ մանդատ ստացած Բաբաջանյանը 2019 թվականի սեպտեմբերին դուրս գալով խմբակցությունից դարձավ անկախ պատգամավոր։
Պատերազմ, նոր արտահերթ, նոր փլուզված դաշինքներ
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությանը հաջորդեցին տարաբնույթ շարժումներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ամիսներ տևած փողոցային պայքարը չհասավ, սակայն, իր նպատակին։
Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց հերթական արտահերթ ընտրությունները, որին մասնակցեցին փողոցային պայքար մղած ընդդիմադիր ուժերը՝ տարբեր դաշինքների կազմում։
Ամենախոշոր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը գլխավորում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ դաշինքում ընդգրկված էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։
Խորհրդարան անցնելուց ավելի քան մեկ տարի անց, սակայն, Հակոբյանի գլխավորած կուսակցությունը լքեց «Հայաստան» դաշինքը՝ միաժամանակ դադարեցնելով իր գործունեությունը նաև խորհրդարանում․ կուսակցության բոլոր պատգամավորները վայր դրեցին իրենց մանդատները՝ բացառությամբ պատգամավոր Աննա Գրիգորյանի և Զեմֆիրա Միրզոևայի, որը խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով։
2021 թվականի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած հաջորդ ընդդիմադիր դաշինքը կազմված էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հայաստանի հանրապետական կուսակցությունից» և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից։
Ի սկզբանե պատգամավորի մանդատներ ստացան «Հայրենիքից»՝ Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը, ՀՀԿ-ից՝ Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Սակայն, 2021 թվականի դեկտեմբերին Իշխան Զաքարյանը լքեց խմբակցությունը՝ դառնալով անկախ պատգամավոր։
2022 թվականին խորհրդարանական ընդդիմությունը մեկնարկեց «Դիմադրության շարժումը»․ դրա առաջնորդներից Վանեցյանը խոստացել էր՝ եթե շարժումն իշխանափոխության չհասնի, ապա ինքը վայր կդնի իր մանդատը։
Շարժումը չհասավ իր նպատակին, և արդեն 2022 թվականի հունիսին Վանեցյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցությունը «որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս»։
Այսպիսով, չնայած վերջին տասը տարում Հայաստանում տարբեր քաղաքական օրակարգերի շուրջ միավորված և ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր դաշինքներին հաջողվել է ներկայություն ապահովել խորհրդարանում, դրանք իրենց հռչակած քաղաքական նպատակների ձախողման բերումով շատ կարճ կյանք են ունեցել՝ ենթարկվելով կազմաքանդումների։
Կարդացեք նաև՝ «Փաշինյանին հաշված օրեր են մնացել»․ ընդդիմադիրների խոստումների ու կանխատեսումների հետքերով
Նանե Մանասյան
The post Միավորում և բաժանում․ ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքները փլուզվում են ԱԺ մտնելուց հետո appeared first on FIP.AM.